Հունիսի 1-ը` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անցկացվեց տոնական միջոցառում կին դատապարտյալների և նրանց այցելած երեխաների համար:

Քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Մ. Միքայելյանը, ողջունելով ներկաներին, վերջիններիս փոխանցեց Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի շնորհավորական խոսքը` շեշտելով, որ այսօրինակ միջոցառումները անմիջականորեն նպաստում են դատապարտյալ կանանց վերասոցիալականացմանը:

Տոնական սեղանների շուրջ ծնողներին հանդիպելուց հետո երեխաները նկարակալների վրա սկսեցին գունանկարներ անել, ապա հաջորդեց կավճանկարչությունը: Այնուհետև փոքրիկներն ասմունքեցին և հանդես եկան երաժշտական կատարումներով:

Միջոցառումն ավարտվեց «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված «Իսկական ընկերը» տիկնիկային բեմադրությամբ, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց ներկաների կողմից:

Միջոցառումից հետո ՔԿՀ պետ Մ. Միքայելյանը այցելեց անչափահաս կալանավորված անձանց և դատապարտյալներին, շնորհավորեց նրանց տոնի կապակցությամբ, ապա ծավալվեց անկեղծ և անմիջական զրույց:

Օրվա ավարտին, մինչ երեխաները հրաժեշտ կտային իրենց մայրերին, հիմնարկի աշխատակիցները և դատապարտյալ կանայք երեխաներին նվերներ հանձնեցին:

Մտքի և գույնի համադրությամբ…

Մայիսի 27-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿԻ-ի և Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Բացման խոսքից հետո «Նաիրյան վոկալ» համույթը հանդես եկավ կոմիտասյան և ժողովրդական երգերի ինքնատիպ կատարումներով:

Ներկայացված էին դատապարտյալների մատիտանկարները, գրչանկարներն ու գունանկարները, կավից և փայտից պատրաստված աշխատանքները:

Ցուցահանդեսին ներկա էին Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ:


 

Դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես

Մայիսի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացվեցին Մկրտիչ Հովհաննիսյանի մատիտանկարներն ու գրչանկարները, երգիծական շարժերը, ինչպես նաև Աշոտ Օհանյանի և Վահան Գրիգորյանի ինքնատիպ գիպսե քանդակները:

Տոնական միջոցառում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 

Երկրապահ կամավորականների միությունը մայիսի 24-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրեց տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես եկան դատապարտյալների առջև:

Դարի հրամայականը.... 

Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սարգսյանի հեղինակած մեծածավալ կտավը նվիրաբերվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Կտավում պատկերված են «Նեմեսիս» գործողության պատասխանատուները, որոնց հեղինակը պատկերել է արդարադատություն իրականացնողների հանդերձանքով` որպես հայ ժողովրդի հավաքական վրեժի խոսուն արտահայտություն:


                Քրեակատարողական հիմնարկների առօրյայից

 

Ապրիլի 7-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը հիմնարկի տարածքում տեղադրված խաչքարի մոտ, օրվա խորհրդին համահունչ, կանանց օրհնության կարգ կատարեց, ապա Մայր Աթոռի սարկավագների խումբը հանդես եկավ հայ հոգևոր և ժողովրդական երգարվեստի ինքնատիպ կատարումներով: 

Այնուհետև հիմնարկում իրենց պատիժը կրող կանայք հանդես եկան Մայրության և գեղեցկության տոնին նվիրված տոնական միջոցառմամբ: Օրն անցավ բավականին ջերմ մթնոլորտում` ներկաներին պարգևելով բազում հաճելի ակնթարթներ:

Նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները և հիմնարկի աշխատակիցները ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ կատարեցին` տնկելով շուրջ 350 թուփ և 50 պտղատու ծառ:



Կանանց միամսյակի շրջանակներում

 

Կանանց միամսյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին մի շարք տոնական միջոցառումներ և հանդիպումներ:

Այսպես` մարտի 8-ին կին դատապարտյալների առջև համերգային ծրագրով հանդես եկավ «Ակունք» ազգագրական համույթը` ազգային երգին ու պարին մասնակից դարձնելով նաև վերջիններիս:

Մարտի 10-ին հիմնարկում հուրընկալվեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատակիցները` տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ, ինչպես նաև դերասաններ Ռաֆայել Քոթանջյանն ու Միքայել Պողոսյանը:

Հյուրերը տոնի կապակցությամբ շնորհավորեցին կին դատապարտյալներին և ծաղիկներ նվիրեցին նրանց: Դատապարտյալների և հյուրերի զրույցից հետո Ռ. Քոթանջյանը ներկայացրեց իր հումորային մանրապատումներից, ինչից հետո դատապարտյալները դիտեցին Հ. Քեշիշյանի «Thank you հայրիկ» գեղարվեստական ֆիլմը:


Այցելություն Մայր Աթոռ

ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման պիլոտային ծրագրի շրջանակներում ապրիլի 27-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը և քրեակատարողական ծառայության հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը կին դատապարտյալների համար կազմակերպել էին այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Միջոցառմանը մասնակցում էին ԱՊԿԲ Երևան քաղաքի բաժանմունքներում հաշվառված 15 կանայք:

Այցի ընթացքում Ռուբեն վարդապետը խոսեց Մայր Աթոռի պատմության ու մեր ժողովրդի կյանքում նրա ունեցած դերի ու առաքելության, ընտանիք-եկեղեցի-պետություն եռամիասնության, հոգու և մարմնի ներդաշնակության մասին` կարևորելով հոգևոր արժեքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը:

Մայր Տաճարում կանայք մասնակցեցին միասնական աղոթքի, որից հետո եղան Մայր Աթոռի թանգարանային սրահներում և «Ռուբեն Սևակ» թանգարանում, ուր ծանոթացան հայոց բազմադարյան քրիստոնեական մշակույթին և արևմտահայ բանաստեղծ, նկարիչ և բժիշկ Ռուբեն Սևակի կյանքի և գործունեության պատմությանը:

Հանդիպման ավարտին Հայր Ռուբենը կին դատապարտյալներին հանձնեց օրհնված խաչեր և «Քրիստոնեական ժամանակակից ընտանիքն իբրև հասարակության հենք» խորագրով գրքեր:


Խոնարհում Մայրերին և Հայրենիքին…

Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն` Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող կանանց` Գավառի, Երևանի, Գյումրիի մանկատներում բնակվող և հարազատների խնամքին հանձնված շուրջ 10 երեխաներ տեսակցեցին իրենց մայրերին:

Հանդիպումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, ինչպես նաև ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի աջակցությամբ, անցավ բավականին ջերմ մթնոլորտում` ներկաներին պարգևելով բազում հաճելի և հուզիչ ակնթարթներ:

Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Աբովյան» ՔԿՀ-ում տեղադրված խաչքարի մոտ, օրվա խորհրդին համահունչ, կանանց օրհնության կարգ կատարեց, ապա հոգևոր հոր հրավերով Գևորգյան հոգևոր ճեմարանի` հիմնարկում գտնվող երգչախումբը հանդես եկավ երգչախմբային ինքնատիպ կատարումներով:

Ավարտին ներկաները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին վերջին օրերի պատերազմական իրադարձությունների ժամանակ զոհված մեր քաջամարտիկների հիշատակին` ծաղիկներ խոնարհելով յուրատեսակ ուխտատեղի դարձած խաչքարի պատվանդանին:


Պոեզիայի համաշխարհային օրը` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում

Մարտի 21-ին պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը երիտասարդ գրողների հետ համատեղ նախաձեռնել էր այցելություն ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Հիմնարկի գրադարանում դատապարտյալների հետ հանդիպման ժամանակ հյուրերը գրադարանը համալրեցին շուրջ 60 կտոր գրականությամբ, այնուհետև անդրադարձան օրվա խորհրդին:

Երիտասարդ գրողներն ասմունքեցին` հատվածներ ներկայացնելով  իրենց իսկ ստեղծագործություններից:

Պահի ոգևորությունը համակել էր նաև դատապարտյալներին, ովքեր էլ, էստաֆետը վերցնելով երիտասարդ գրողներից, կատարեցին իրենց հեղինակած ստեղծագործությունները, որոնք այնքան էին տպավորել ներկաներին, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք հրատարակելու շուրջ:

Շնորհակալություն հայտնելով  պոեզիայի համաշխարհային օրն իրենց հետ նշելու համար` դատապարտյալները հույս հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկի գրադարանը կհամալրվի նաև մասնագիտական գրականությամբ:

Նշյալ օրվա կապակցությամբ մարտի 22-ին քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը և դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այցելեցին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Ներկաներին ողջունելուց և հյուրին ներկայացնելուց հետո Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը խոսեց օրվա խորհրդի մասին, կարևորեց ընթերցանության դերը մարդու աշխարհայացքի ու նրա արժեհամակարգի ձևավորման գործում:

Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում անդրադարձան  Կ. Խոդիկյանի ստեղծագործություններին, ապա  կին դատապարտյալները նաև ասմունքեցին:

Հանդիպման ավարտին Կ. Խոդիկյանը իր հեղինակած գրքերից նվիրեց դատապարտյալներին, իսկ դատապարտյալ կանայք էլ վերջինիս` իրենց ձեռքով պատրաստած կավե հուշանվեր` երախտագիտություն հայտնելով հանդիպման և հետաքրքիր զրույցի համար:


Կանանց միամսյակին ընդառաջ 

ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման պիլոտային ծրագրի շրջանակներում  կանանց միամսյակին ընդառաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ԱՊԿԲ Երևան քաղաքի բաժանմունքներում հաշվառված կանանց համար կազմակերպել էր այցելություններ տարբեր մշակութային օջախներ:

Մարտի 4-ին և 5-ին ԱՊԿԲ աշխատակիցների ուղեկցությամբ կին դատապարտյալներն այցելել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն և դիտել համապատասխանաբար «Մեր տան տերերը» և «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» ներկայացումները:  

Մարտի 7-ին այցելել են Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահ և ունկնդրել Արուս Գուլանյանի համերգը:

Ինչպես նշեցին դատապարտյալ կանայք, երբ կյանքի որևէ ժամանակահատվածում խոտոր ուղի ես բռնում ու կանգնում անխուսափելի հատուցման առաջ, թվում է, թե այդ խարանը քեզ ուղեկից է լինելու ողջ կյանքիդ ընթացքում, սակայն նմանօրինակ միջոցառումները ապացույցն են այն բանի, որ որ մարդը պետության արժեքային համակարգի կարևորագույն բաղկացուցիչն է, և, ինչ էլ որ արած լինի, մեր հասարակության կարևորագույն անդամը:


Բարեգործական համերգներ` ՔԿ հիմնարկներում

2015թ. օգոստոսի 22-ին «Կիմ Երիցյան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բարեգործական համերգով հանդես եկան ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների առջև:

Անկաշկանդ, ուրախ մթնոլորտում երաժշտական կատարումներն ու հումորային ելույթները հաջորդում էին միմյանց:

Ներկաներին բարձր տրամադրություն հաղորդեցին ոչ միայն «Կիմ Երիցյան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, այլև դատապարտյալները, որոնց կատարումները պակաս գրավիչ չէին:

Օրը տոնական էր նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Կին և անչափահաս դատապարտյալներին համերգային ծրագրով ողջունեց և բարձր տրամադրություն հաղորդեց հրավիրված երաժշտախումբը:


Ալցելություն «Էրեբունի» թանգարան

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը ՀՀ Մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակներում օգոստոսի 24-ին բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լ. Ավետիսյանի գլխավորությամբ 20 անչափահաս դատապարտյալների հետ, որոնց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, այցելեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Այցելության ընթացքում դատապարտյալներին ներկայացվեցին թանգարանի ստեղծման պատմությունը, ինչպես նաև պեղումների արդյունքում հայտնաբերված նախաուրարտական, ուրարատական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող հնագիտական առարկաներ:

Ինչպես նշեցին անչափահաս դատապարտյալները, այցը ճանաչողական էր, ուսանելի և չափազանց հետաքրքիր:

«Մարդու՝ որպես անհատի ձևավորման և զարգացման անխափան ընթացքն անհնար է պատկերացնել առանց ազգային գիտակցության ամրապնդման, և այդ ճանապարհին մեր պատմության և հազարամյա մշակութային ժառանգության ճանաչումը լուրջ խթան կարող է հանդիսանալ պատանիների արժեհամակարգերի վերագնահատման համար»,-հավելեց Լ. Ավետիսյանը:

 

Գրքի շնորհանդես «Աբովյան» ՔԿ հիմնարկում

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ կին դատապարտյալների և ամերիկաբնակ գրող, բանաստեղծուհի Սոնա Վանի հանդիպումը, որի նախաձեռնողը ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն էր:

Իր տեսակի մեջ յուրօրինակ մշակութային միջոցառման ընթացքում կայացավ գրողի նոր գրքի շնորհանդեսը, ապա ճանաչված ասմունքող Սիլվա Յուզբաշյանի և դերասանուհի Քեթրին Մանասյանի կատարմամբ հատվածներ հնչեցին բանաստեղծուհու ստեղծագործություններից:

Միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:                                              

Հանդիպման ավարտին բանաստեղծուհին ՔԿ հիմնարկին նոր համակարգիչ և տպիչ նվիրեց, իսկ կին դատապարտյալները նշեցին, որ միջոցառումը բացի մտերմիկ և հուզիչ լինելուց` նաև ուսուցողական էր, քանզի բանաստեղծուհի Սոնա Վանի ստեղծագործությունների դրական հերոսների կերպարները չեն կարող արժեհամակարգերի վերանայում և վարքականոնի փոփոխություն չանել իրենց հոգեկերտվածքներում: