Հուլիսի 3-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի և Աբովյանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել էր դատապարտյալ կանանց մասնակցությամբ զանգվածային մարզական միջոցառում վեց մարզաձևից՝ վազք 30մ, հեռացատկ, բազկամարտ, սեղանի թենիս, տեգախաղ (դարթս) և վոլեյբոլ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Ս. Պռազյանը: Կարևորելով դատապարտյալ կանանց վերասոցիալականացումը զբաղվածության միջոցով՝ նա վստահաբար շեշտեց նման միջոցառումների անհրաժեշտությունը քրեակատարողական հիմնարկներում:

Միջոցառումը մեկնարկեց առանձին մրցաձևերով, որոնցից հաղթողներ դարձան. 30մ վազք՝ Ռ. Սարգսյանը, հեռացատկ՝ Ա. Հայրապետյանը, բազկամարտ՝ Տ. Գրիգորյանը, սեղանի թենիս՝ Ժ. Մհերյանը, դարթս՝ Տ. Գրիգորյանը:

Թեժ էր պայքարը հատկապես վոլեյբոլ մարզաձևում «Դուխով» և «Արծիվ» թիմերի միջև: Գրեթե հավասարազոր թիմերի պայքարում հաղթեց և պատվավոր առաջին հորիզոնականը գրավեց «Դուխով» թիմը:

Մարզական օրն ավարտվեց մրցանակների հանձնմամբ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Ս. Ավագյանը հաղթողներին հանձնեց գավաթներ, իսկ մյուս մասնակիցներին՝ պատվոգրեր: ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը քրեակատարողական հիմնարկին նվիրեց նաև մարզական պարագաներ՝ ի նպաստ առողջ ապրելակերպի: Ներկաները խրախուսական խոսքեր ուղղեցին մրցախաղերի մասնակից կին դատապարտյալներին՝ հույս հայտնելով, որ նրանց համար կազմակերպվող միջոցառումներն ավելի հաճախակի կլինեն:

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանն իր և Քրեակատարողական ծառայության անունից շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ փաստելով, որ նմանատիպ միջոցառումների հաճախակիությունը նպաստում է դատապարտյալ կանանց ինքնագնահատականի բարձրացմանն ու վերաարժևորմանը, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածությանը: