Մարզական միջոցառում` «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 

Օրերս ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը նախագահ Վ. Թովմասյանի գլխավորությամբ հիմնարկում արձանագրեց դատապարտյալ Դ. Հարությունյանի կողմից Գինեսի ռեկորդի նոր արդյունքները:

Դ. Հարությունյանը 2005-2011թթ. սովորել է Փավեր Լիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի սպորտդպրոցում: 2007-2013թթ. մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող բոլոր առաջնություններին, եղել է մարզաձևի բացարձակ չեմպիոն և ռեկորդակիր:

Դ. Հարությունյանը, հանդես գալով 60 կգ քաշային կարգում, այդ օրը, մեջքի վրա պառկած, մարզասարքի վրա երկու ձեռքով 150 կգ ծանրաձողը հրել է դեպի վեր մեկ անգամ` լրացնելով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը:

Այնուհետև կանգնած դիրքից երկու ձեռքով 227,5 կգ ծանրաձողը բարձրացրել է մինչև գոտկատեղը 1 անգամ, իսկ զուգափայտերի վրա, մարմնին ամրացված 115 կգ ծանրությունը, կատարել է հենում-ծալում վարժությունը 3 անգամ: Վերջում պտտաձողից երկու ձեռքով կախ դրությունից կատարել է ձգում դեպի ծոծրակը 4 անգամ` մարմնին ամրացված 60 կգ ծանրություն:

Նույն օրը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ նաև դատապարտյալների միջև ընթացող շախմատի առաջնության եզրափակիչ փուլը, որի արդյունքում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ա. Ջավադյանը, երկրորդ` Ա. Ղազարյանը, իսկ առաջին հորիզոնականը Վ. Ավագյանը:


Մտքի և գույնի համադրությամբ… 

Մայիսի 26-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:

Շախմատային խաղին ներկա էր նաև «Ճամփորդ» անվճար շաբաթաթերթի խմբագրակազմը: Շուրջ 4 ժամ տևած համառ պայքարն ավարտվեց Արիանա Կաոիլիի հաղթանակով:

 

Մարզական նվաճում

Մայիսյան տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Կարապետյանը ռեկորդ սահմանելու և այն «Դյուցազնագրքում» գրանցելու համար կատարեց վարժություն 6 կիլոգրամ կշռող կցագնդերով` դրանք կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ և ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ:

ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ Արմեն Բադեյանը, «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Ղուկաս Ղուկասյանը Ա. Կարապետյանին հանձնեցին պատվոգրեր և գավաթ:

Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:

 

Շախմատի ներհիմնարկային առաջնություն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում  

Մայիսի 26-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց շախմատի ներհիմնարկային առաջնություն: Առաջնության հաղթող ճանաչվեց Դանիելյան Հարությունը, երկրորդ տեղը գրավեց  Վահե Հովնիկյանը, իսկ երրորդ տեղ զբաղեցրեց Լիպարիտ Գրիգորյանը:

 

Ֆուտբոլային հանդիպում «Կոշ» ՔԿՀ-ում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անցկացվող մարզական միջոցառումների շրջանակներում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում օրերս դատապարտյալների և հիմնարկի աշխատակիցների միջև անցկացվեց ֆուտբոլային հանդիպում:

Խաղն ընթացավ անզիջում պայքարում և ավարտվեց հօգուտ դատապարտյալների:

Առաջիկայում նախատեսվում է անցկացնել միջհիմնարկային մրցաշար դատապարտյալների միջև:

Արագ շախմատի մրցաշար «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Փետրվարի 6-ին և 7-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը կազմակերպվեց: ՀՀ շախմատի ֆեդերացիայի և Քրեակատարողական ծառայության կողմից ՔԿ հիմնարկում անցկացվեց արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգևորություն առաջացրեց վերջիններիս շրջանում:

Շախմատային մրցաշարն անցկացվեց միջազային կարգի մրցավար Վրեժ Օրդյանի մրցավարությամբ:

Սպորտային միջոցառմանը մասնակցում էին շուրջ երեք տասնյակ դատապարտյալներ, որոնցից 11 լավագույնները Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ միաժամանակյա խաղի մասնակցելու իրավունք ստացան:

Առավելագույն միավորներ հավաքած և մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականները զբաղեցրած դատապարտյալները քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից արժանացան խրախուսանքների:

Մրցաշարի ավարտին  կազմակերպիչները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին` հատկապես շեշտելով այսօրինակ միջոցառումների կարևորությունը ազատազրկված անձանց ժամանցի, արդյունավետ առօրյայի կազմակերման և հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից:

Վերջում գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շախմատի խաղատախտակներ նվիրեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին, իսկ Քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանը շուտով կհամալրվի նաև շախմատային գրականությամբ:

 

Սպորտային միջոցառում քրեակատարողական հիմնարկում

Նոյեմբերի 18-ին ֆուտբոլային հանդիպում անցկացվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ և  օտարերկրյա քաղաքացիների միջև:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը, ինչպես նաև այլ հյուրեր:

Օտարերկրյա քաղաքացիներից կազմված թիմում ներգրավված էին Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Լիբանանի, Արգենտինայի, Պերուի, Իտալիայի և Լեհաստանի քաղաքացիներ:

Խաղն ընթացավ անզիջում պայքարում և ավարտվեց 4:3 հաշվով` հօգուտ օտարերկրյա դատապարտյալների:

Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթանակած թիմը՝ գավաթով:

Օտարերկրյա դիվանագետներն էլ պատվոգրերով պարգևատրեցին երկու թիմերի` լավագույն խաղով աչքի ընկած մասնակիցներին:

 

Բարի ավանդույթը շարունակվում է

Մայիսի 24-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ մեկնարկեց արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումը կին դատապարտյալների համար:

Միջոցառման ընթացքում կին դատապարտյալներն իրենց ուժերը չափեցին վազքի, հեռացատկի, բազկամարտի, շաշկու, սեղանի թենիսի և վոլեյբոլի մրցումներում:

Մայիսի 25-ին անցկացված եզրափակիչ մրցելույթներում հայտնի դարձան տարբեր մարզաձևերում հաղթողները:

Մինչ պարգևատրման արարողությունը սկսելը ողջույնի խոսքով հանդես եկան մրցումներին ներկա պաշտոնատար անձինք` շեշտելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը:

30 մետր վազքի մրցումներում 3-րդ հորիզոնականը գրավեց Ա. Եղոյանը, երկրորդ տեղում Ք. Մաթևոսյանն էր, իսկ պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ա. Թադևոսյանը: Վերջինս նաև առաջինն էր հեռացատկում, իսկ այս մրցաձևում երրորդ և երկրորդ հորիզոնականները զբաղեցրին Լ. Այվազյանը և Է. Ավետյանը:

Բազկամարտի մրցաշարում միանձնյա հաղթող ճանաչվեց Ք. Ներսիսյանը:

Սեղանի թենիսի մրցաշարում երրորդ հորիզոնականում Ա. Գրիգորյանն էր, երկրորդում` Կ. Ղարիբյանը, իսկ առաջին տեղը գրավեց Ա. Ավետյանը:

Շաշկու մրցումներում երրորդ հորիզոնականում Ա. Դավթյանն էր, երկրորդում` Լ. Խաչատրյանը, իսկ առաջին հորիզոնականում` Ա. Գրիգորյանը:

Մրցանակակիրները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով և Աբովյանի քաղաքապետարանի կողմից սահմանված նվերներով:

Մրցանակաբաշխության ավարտին կին դատապարտյալները շնորհակալական խոսքից հետո հյուրերին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստված հուշանվերներ:

 

Սպորտային միջոցառում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 

Մայիսի 12-ին ավարտվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած ֆուտբոլային մրցաշարը, որին մասնակցում էին հիմնարկի բոլոր տեղամասերի դատապարտյալները:

Անցկացված ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղում հանդիպեցին առաջին և երկրորդ տեղամասերի թիմերը: Խաղն ընթացավ անզիջում պայքարում և ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ երկրորդ տեղամասի դատապարտյալների թիմի:

Մրցաշարի ընթացքում աչքի ընկածները կխրախուսվեն:


Շախմատի մրցաշար` քրեակատարողական հիմնարկներում 

Շարունակվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջև անցկացվող շախմատային մրցաշարերը:

Այսպես` փետրվարի 19-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց հերթական շախմատային մրցաշարը:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Անդրանիկ Ասրյանը, երկրորդը` Արմեն Ղազարյանը, իսկ պատվավոր առաջին հորիզոնականում Արսեն Ավետյանն էր:

ՖՈՏՈՇԱՐՔ


18.02.2016թ. «Նուբարաշեն» ՔԿՀ

  

Հունվարի 1-ից մինչ օրս  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել է 18 կինոդիտում-քննարկում, որին մասնակցել են շուրջ 70 դատապարտյալներ, այդ թվում` նաև ցմահ ազատազրկման դատապարտվածներ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  օրերս կազմակերպվել է նաև շախմատի ներհիմնարկային  մրցաշար այնտեղ գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող կալանավորված անձանց միջև:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Կոմանդատ Մամադի Մուհամադը, 2-րդ տեղը զբաղեցրեց Մ.Ա. Շահզաման, իսկ 3-րդ տեղում Ռ.Ռ. Ջաֆար Մոհամադալին է:

Հաղթողները պարգևատրվել են շնորհակալագրերով: