Բոլոր քրեակատարողական հիմնարկներում երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:

Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ: Համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա:

Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցություն տրամադրելու համար անհրաժեշտ են կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությունը և տեսակցություն հայցող անձի դիմումին կցված` վերջինիս անձը հաստատող, իսկ երկարատև տեսակցության համար` նաև նախկինում համատեղ բնակվելու իրավունքը, ինչպես նաև երեխայի հետ կալանավորված անձի կամ դատապարտյալի արյունակցական կամ ազգակցական կապը հավաստող փաստաթղթերի առկայությունը:

Կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս և հինգ անչափահաս անձանց:

Փակ, կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալին կարճատև տեսակցություն կարող է թույլատրվել միաժամանակ երեքից ոչ ավելի, իսկ երկարատև տեսակցության դեպքում` երկուսից ոչ ավելի չափահասների հետ, որոնց կարող են ուղեկցել դատապարտյալի անչափահաս եղբայրները, քույրերը, զավակները և թոռները: