Հայտարարություն

 ՀԱՐԳԵԼԻ  ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական ծառայությունում ընթացող համակարգային բարեփոխումների շրջանակներում ՀՀ կառավարության  որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի մարտի 11-ից կմեկնարկի կալանավորված անձանց և դատապարտյալներին առցանց եղանակով ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցելու գործընթացը:

Այսուհետ շահագրգիռ անձինք կարող են առանց քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ հանձնուքների փոխանցման գործողությունն իրականացնել նաև առցանց եղանակով՝ օգտվելով քրեակատարողական ծառայության պաշտոնական www.ced.am կայքէջից:

Առցանց պատվեր կատարելու եղանակի մասին անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով (www.ced.am) կայքէջ:

Հայտնում ենք նաև, որ առցանց պատվերի ծառայությունը սկզբնական շրջանում կգործի միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների համար:


ՀԱՆՁՆՈՒՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Կալանավորված անձն ամսվա ընթացքում կարող է ստանալ մինչև յոթանասուն կիլոգրամ հանձնուք: Սահմանված չափի հանձնուքը կարող են ստանալ միանվագ կամ մաս-մաս:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին հասցեագրված ծանրոցները, հանձնուքները և փաթեթներն ընդունվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մերձավոր ազգականներից, իսկ այլ անձանց կողմից հասցեագրվելու դեպքում ընդունվում են միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։

Հանձնուքները ընդունվում են ըստ այցելուների հաճախման հերթականության:

Հանձնուք բերող անձը լրացնում և ստորագրում է սահմանված ձևի դիմում` երկու օրինակից: Դիմումի երկու օրինակը, ինչպես նաև հանձնուք բերողի անձը հաստատող փաստաթուղթը հանձնվում են հիմնարկի համապատասխան ծառայողին: Հանձնուքները հիմնարկի վարչակազմի կողմից հաշվառվում են:

Ծանրոցները, հանձնուքները և փաթեթները բացվում են, և դրանց պարունակությունը զննվում է հիմնարկի ծառայողի կողմից` դրանք բերող անձի ներկայությամբ: Զննության ընթացքում ծանրոցում, հանձնուքում կամ փաթեթում առկա առարկաների և սննդամթերքի տեսականին ու քանակը համեմատվում են դիմումում նշված տեսականու և քանակի հետ: