Դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով:

Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը:

Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը:

Բաց ոււղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է տարվա ընթացքում վեց անգամից ոչ ավելի, իսկ կիսաբաց, կիսափակ կամ փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին` տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի:

Բացասական բնութագրվող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ:

Անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում, իսկ սոցիալական վերականգնման նպատակով՝ եռօրյա ժամկետում։

Կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ:Կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

Սահմանված ժամկետում ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող անձը ենթակա է քրեական պատասխանատվության։