12.02.2018 11:18

Մարզական միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

2018թ. փետրվարի 7-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց շախմատի հերթական մրցաշարը, որին մասնակցեցին 28 դատապարտյալներ:

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վահան Գրիգորյանը, երկրորդը` Վազգեն Կարապետյանը, իսկ մրցաշարի հաղթողը Դանիել Կարապետյանն էր:

Փետրվարի 9-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արթուր Կարապետյանը սահմանեց միանգամից 2 ռեկորդ՝ երկու ձեռքով կախ դրությունից 8 կիլոգրամ կշռող կցագնդերը 1 րոպեում պարբերաբար բարձրացնելով 105 անգամ: Նույն վարժությունը կատարեց նաև 7 կիլոգրամանոց կցագնդերով 10.000 անգամ 1 ժամ 53 րոպեի ընթացքում: Ռեկորդը գրանցվեց հանձնաժողովի կողմից, որի անդամներն էին «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը, նույն կազմակերպության քարտուղար Բորիս Թովմասյանը, Հայաստանի Փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիաի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանը, «Արթիկ» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության մայոր Կարեն Սարգսյանը և «Արթիկ» ՔԿ հիմնարկի ՍՀԻԱ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սարիբեկ Նահապետյանը:

Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի օլիմպիական կոմիտեի նախագահ Արմեն Բադեյանը և «Արթիկի սպորտդպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Ղուկաս Ղուկասյանը: Վերջինս դատապարտյալ Կարապետյանին հանձնեց նաև գավաթ: