23.03.2016 12:02

Պոեզիայի համաշխարհային օրը` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում

Պոեզիայի համաշխարհային օրը` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում

Մարտի 21-ին պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը երիտասարդ գրողների հետ համատեղ նախաձեռնել էր այցելություն ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Հիմնարկի գրադարանում դատապարտյալների հետ հանդիպման ժամանակ հյուրերը գրադարանը համալրեցին շուրջ 60 կտոր գրականությամբ, այնուհետև անդրադարձան օրվա խորհրդին:

Երիտասարդ գրողներն ասմունքեցին` հատվածներ ներկայացնելով  իրենց իսկ ստեղծագործություններից:

Պահի ոգևորությունը համակել էր նաև դատապարտյալներին, ովքեր էլ, էստաֆետը վերցնելով երիտասարդ գրողներից, կատարեցին իրենց հեղինակած ստեղծագործությունները, որոնք այնքան էին տպավորել ներկաներին, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք հրատարակելու շուրջ:

Շնորհակալություն հայտնելով  պոեզիայի համաշխարհային օրն իրենց հետ նշելու համար` դատապարտյալները հույս հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկի գրադարանը կհամալրվի նաև մասնագիտական գրականությամբ: 

Նշյալ օրվա կապակցությամբ մարտի 22-ին քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը և դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այցելեցին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Ներկաներին ողջունելուց և հյուրին ներկայացնելուց հետո Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը խոսեց օրվա խորհրդի մասին, կարևորեց ընթերցանության դերը մարդու աշխարհայացքի ու նրա արժեհամակարգի ձևավորման գործում:

 Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում անդրադարձան  Կ. Խոդիկյանի ստեղծագործություններին, ապա  կին դատապարտյալները նաև ասմունքեցին:

Հանդիպման ավարտին Կ. Խոդիկյանը իր հեղինակած գրքերից նվիրեց դատապարտյալներին, իսկ դատապարտյալ կանայք էլ վերջինիս` իրենց ձեռքով պատրաստած կավե հուշանվեր` երախտագիտություն հայտնելով հանդիպման և հետաքրքիր զրույցի համար: