ՑՈՒՑՈՒՄ N1

    Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ անազատության մեջ գտնվող անձանց պահման վայրեր այցելությունների վերաբերյալ 2014թվականի միջանկյալ զեկույցում նշված թերությունները վերացնելու նպատակով, ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին և 3-րդ կետերով հանձնարարում եմ՝

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետերին`

1. Խցերում տեղաբաշխումները կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա զբոսանքը:

3. Կալանավորված անձանց և դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու գործընթացը կազմակերպելիս պահպանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» 2011թվականի նոյեմբերի 21-ի թիվ 194-Ն հրամանի պահանջները: Ապահովել պատժախցերի համար օրենսդրությամբ նախատեսված պայմանները:

4. Պատշաճ հսկողություն սահմանել քրեակատարողական հիմնարկներում տարվող սանիտարական աշխատանքների կատարման նկատմամբ, հատկապես ամռան շոգ ամիսներին առանձնակի ուշադրություն դարձնել խցերում սանիտարահիգիենիկ պայմաններին, կատարել ախտահանիչ աշխատանքներ՝ բացառելով աղտոտվածությունը և գարշահոտությունը:

5. Հատուկ ուշադրություն դարձնել կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող սննդի որակի, պահման պայմանների, ինչպես նաև պատրաստվող ճաշերի բազմազանության վրա: Պատրաստված ճաշերի որակի ստուգումները և այդ մասին գրառումները կատարել սահմանված կարգով, բացառել ձևական, նախօրոք կատարվող գրառումները: 

6. Բուժօգնությունը և բուժսպասարկումը կազմակերպել պատշաճ կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2006թվականի թիվ 825-Ն որոշման համաձայն՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող անհապաղ բուժօգնությանը և  բժշիկների ամենօրյա այցերին պատժախցեր, ակտիվացնել աշխատանքները քրեակատարողական հիմնարկները բուժաշխատողներով համալրելու ուղղությամբ: Բժշկական քարտերը, հիվանդության պատմագրերը, մատյանները և սահմանված այլ փաստաթղթերը լրացնել ժամանակին և պատշաճ ձևով, ընթեռնելի ձեռագրով:

7. Սույն ցուցումի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանին, 4-րդ և 5-րդ կետերի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարուժան Մելքոնյանին, իսկ 6-րդ կետի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վաղինակ Քոչարյանին:

 

    ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆ

 

ՑՈՒՑՈՒՄ N3

        Հիմք ընդունելով 2014 թվականի սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում անցկացված խորհրդակցության արդյունքները հանձնարարում եմ՝

  • մշտական հսկողություն սահմանել աշխատակիցների կարգապահության և նրանց կողմից կանոնակարգի պահպանման ուղղությամբ,
  • հսկողության տակ պահել քրեակատարողական հիմնարկում ամենշաբաթյա պարապմունքները, բացառել դրանց ձևական բնույթ կրելը,
  • օպերատիվ կերպով միջոցառումներ ձեռնարկել քրեակատարողական հիմնարկի սանիտարահիգիենիկ ոլորտում մեծ ֆինանսական ներդրումներ չպահանջող թերությունները շտկելու ուղղությամբ,
  • հետևողական լինել ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի և այլ ռեսուրսների խնայողաբար օգտագործման նկատմամբ,
  • մշտական ուշադրության կենտրոնում պահել մատակարարման, մասնավորապես սննդի մատակարարման գործընթացը,
  • բարձրացնել դատապարտյալների և կալանավորված անձանց հետ տարվող սոցիալական և հոգեբանական աշխատանքների մակարդակը, բացառել դրանց ձևական բնույթը,
  • մշտական հսկողություն սահմանել համաճարակների և սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման աշխատանքների նկատմամբ,
  • առավել մեծ ուշադրություն դարձնել և ուժեղացնել հսկողությունը հանձնուքների ընդունման գործընթացի նկատմամբ՝ բացառելով աշխատակիցների հնարավոր ներգրավվածությունը թմրամիջոցների շրջանառության մեջ,
  • բացառել կողմնակալ վերաբերմունքը և հնարավոր չարաշահումները պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, պատժի չկրած մասի կրճատման և հիվանդության պատճառով պատժի կրումից ազատման, քրեակատարողական հիմնարկի բժշկական մաս կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխման գործընթացներում,
  • քրեակատարողական հիմնարկները մշտապես ապահովել սահմանված չափաբաժինների դեղորայքով,
  • քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնին մշտապես հայտնել հիմնարկի բուժմասում ստացիոնար բուժում ստացող յուրաքանչյուր դատապարտյալի և/կամ կալանավորված անձի մասին:

      Սույն ցուցումի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի՝ համապատասխան ոլորտները համակարգող տեղակալների վրա:

 

 ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ  ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆ