Պատարագ Սրբոց Նահատակաց եկեղեցում (ֆոտոշարք)

Հոկտեմբերի 24-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկի «Սրբոց Նահատակաց»  եկեղեցում ՍԲ. Էջմիածնի հոգևոր դասի մասնակցությամբ, եկեղեցու սպասավոր տեր Ստեփանոս քահանայի ձեռամբ մատուցվեց ուխտի պատարագ:

 

Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառումներ` քրեակատարողական հիմնարկներում

Ապրիլի 16-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ Տեր Փառեն Անդրանիկ քահանա Առաքելյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ: Այնուհետև կատարվեց զատկական հավկիթների օրհնության կարգ: Հիմնարկում հյուրնկալված կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը և նկարիչ Արամայիս Մխիթարյանը դատապարտյալներին և հիմնարկի աշխատակիցներին Ավետարաններ նվիրեցին: Տոնական օրվա ընթացքում  կատարվեց նաև մատաղի օրհնության արարողություն, ինչից հետո այն բաժանվեց դատապարտյալներին:

Նույն օրը Սուրբ հարության առթիվ ժամերգություն կատարվեց նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի խաչքարի մոտ, ինչից հետո կին դատապարտյալները տոնական օրն աբողջացրին իրենց ելույթներով, իսկ ավարտին` հիմնարկի ակումբում օրվա խորհրդին համահունչ ֆիլմ դիտեցին:

Ապրիլի 18-ին էլ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ, Լմբատավանքի հոգևոր երգչախմբի մասնակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Զատկական պատարագ:

 

Մատուռի օծում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 11-ին քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց նորակառույց «Սուրբ Հարություն» մատուռը` խաչքարով և սրբապատկերներով հանդերձ:

Աղոթատունը կոչվեց «Սուրբ Հարություն»` ի խնդիր դատապարտյալների վերափոխման, այլակերպման և պայծառակերպման:

Ի դեպ սրբապատկերները դատապարտյալի ձեռքի աշխատանք են:

Նույն օրը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալները հանդիսավորությամբ նշեցին Սուրբ Սարգսի տոնը:

 

Ի հիշատակ երկրաշարժի զոհերի…

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի զոհերի:

Ավագ Շաբաթը` քրեակատարողական հիմնարկներում

 Մեր Տիրոջ հրաշափառ Հարության տոնին՝ Սուրբ Զատկին նախորդող Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը ներկայացնում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը և յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի:

Ավագ հինգշաբթի ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ՔԿՀ հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը կատարեց ոտնլվայի արարողություն, իսկ երեկոյան ժամերգությունից հետո` հսկման (Խավարում) կարգ:

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է, և օրվա խորհրդին համահունչ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կատարվեց Խաչելության կարգ:

ՀՀ ԱՆ «Սևան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում շաբաթ երեկոյան մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ընթացքում Սուրբ Հաղորդություն ստացան բազմաթիվ ազատազրկվածներ:

Սուրբ Պատարագի քարոզի մեջ պատարագիչ Հայր Սուրբը, անդրադառնալով հարության խորհրդին, մասնավորաբար նշեց. «Սուրբ Հարությունը մեր՝ քրիստոնյաներիս հաղթանակի տոնն է, որը հավաքական ու անհատական հրավեր է ամենքիս՝ հարության օրհնությամբ և ուրախությամբ կերպարանափոխվելու և կերպարանափոխելու մեր շրջապատը»:

 

Ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին  

Սուրբ Գրիգորի Լուսավորչի մուտն ի վիրապ տոնի կապակցությամբ մարտի 12-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրենց ընտանիքներով, հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ ուխտագնացություն կատարեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ուխտավորները մասնակցեցին տոնական պատարագի, ապա քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի ուղեկցությամբ շրջեցին Մայր Աթոռի բոլոր թանգարաններում:

Ուխտագնացության ավարտին Հայր Սուրբը Մայր Աթոռի անունից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բոլոր աշխատակիցներին նվիրեց անվանական Նոր Կտակարաններ` խոսելով «Աստծո խոսքը քրիստոնյայի կյանքում» թեմայի շուրջ:

 

Մատուռի օծում` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռում տեղադրված խաչքարը և սրբապատկերները:

Մատուռն անվանվեց «Սուրբ Պայծառակերպություն»` ի խնդիր դատապարտյալների վերափոխման, այլակերպման և պայծառակերպման:

Արարողությանը մասնակցեցին քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը, դատապարտյալներ, հյուրեր:

Ի դեպ նշենք, որ սրբապատկերները դատապարտյալի ձեռքի աշխատանք են:

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան, ՔԿ հիմնարկների հոգեւոր պատասխանատու

«Բանտում էի, և ինձ այցի եկաք» (Մատթ. 25:36)

Ազատազրկման վայրերում քրիստոնեական հոգևոր ծառայությունը հիմնված է առաքյալներին ուղղված Փրկչի այս ուղերձի վրա, որով Հիսուս իրեն նույնացնում է բանտարկյալների հետ՝ բացահայտելով և ընդգծելով բանտային հոգևոր ծառայության իմաստն ու նշանակությունը: 
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը հենց այս գաղափարականով ու տեսլականով է առաջնորդվում: 
Այն հիմնվել է 1993թ. մայիսին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսիյանի (այժմ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս) օրհնությամբ և տնօրինությամբ: Ազատազրկվածները եկեղեցի այցելելու հնարավորություն չունեին, ուստի Հայ եկեղեցու սպասավորները պետք է ընդառաջ գնային՝ բավարարելու նրանց հոգևոր պահանջները: Առաջինը «Կոշ» քրեակատարողական հիմնարկն էր, որտեղ հոգևոր ծառայություն սկսեց իրականացնել Տ. Կարապետ ավագ քահանա Ղըլըճյանը: Բանտային հոգևոր ծառայությունն առավել համակարգված և նպատակային դարձնելու նպատակով՝ 2003թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց «ՔԿՀ հոգևոր ծառայություն» գրասենյակը: Այսօր բանտային հոգևոր ծառայության գրասենյակը համալրված է յոթ հոգևոր սպասավորներով՝ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի առաջնորդությամբ: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունն իր առաքելությունն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ ի խնդիր ազատազրկվածների վերափոխման, բանտային ծառայողների հոգևոր կյանքի զորացման և ազատազրկվածների ընտանիքներին հոգևոր, բարոյական և սոցիալական աջակցության: