ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԱՊՀ մասնակից պետությունների
քրեակատարողական ծառայությունների
ղեկավարների խորհրդի
11.05.2017թ. որոշմամբ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբերի մասին 

1. Ընդհանուր դրույթներ

1.1. ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ ՔԾՂԽ) փորձագետների աշխատանքային խմբերը (այսուհետ՝ աշխատանքային խմբեր) ստեղծվում են ՔԾՂԽ-ի գործունեության ուղղություններով փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման, քննարկման և համաձայնեցման համար, մասնավորապես հետևյալ նպատակներով՝

  • ՔԾՂԽ-ի մասնակիցների համագործակցության և փոխգործակցության գործնական հարցերի մշակում,
  • ՔԾՂԽ-ի համար առաջարկությունների մշակում՝ ՔԾՂԽ-ի գործառույթների իրականացման ժամանակ քրեակատարողական ոլորտի հիմնական ասպեկտներով փոխգործակցության և գործունեության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ,
  • համագործակցության կազմակերպչական և այլ հարցերի համաձայնեցում և կարգավորում,
  • կոնկրետ օպերատիվ-հետախուզական և հատուկ միջոցառումների մշակում և իրագործում:

1.2. Աշխատանքային խմբերը ստեղծվում են ըստ անհրաժեշտության:

1.3. Իրենց գործունեության մեջ աշխատանքային խմբերը ղեկավարվում են Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ընդունված որոշումներով և միջազգային պայմանագրերով, ինչպես նաև սույն Կանոնակարգով:

2. Կազմը և կառուցվածքը

2.1. Աշխատանքային խմբերի անդամներն են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ստորաբաժանումների բարձր որակավորում ունեցող աշխատակիցները (մասնագետները) և ղեկավարները:

2.2. Աշխատանքային խմբերի նիստերին կարող են մասնակցել ՔԾՂԽ-ի Քարտուղարության աշխատողները (աշխատակիցները):

2.3. Աշխատանքային խմբերի գործունեությանը կարող են ներգրավվել ԱՊՀ կանոնադրական և ճյուղային մարմինների, դրանց աշխատանքային կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ ոլորտների փորձագետները:

2.4. Աշխատանքային խմբի միևնույն հարցով (փաստաթղթի նախագծով) մի քանի փորձագիտական խորհրդակցությունների անցկացման դեպքում, աշխատանքային խմբի կազմը, հնարավորության սահմաններում, պետք է մնա անփոփոխ:

2.5. Աշխատանքային խմբի նախագահը և փոխնախագահը նշանակվում են ՔԾՂԽ-ի նախագահի կողմից ՔԾՂԽ-ի անդամների (ՔԾՂԽ-ի Քարտուղարության) առաջարկությամբ:

2.6. Աշխատանքային խմբի նախագահի ժամանակավոր բացակայության կամ նրա կողմից պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նախագահի պարտականությունները կատարում է փոխնախագահը:

2.7. Աշխատանքային խմբերի նախագահներն ու փոխնախագահները կազմակերպում են ՔԾՂԽ-ի հանձնարարությունների՝ ժամանակին և արդյունավետ կատարումը:

3. Գործառույթներն ու լիազորությունները

Իրենց գործունեության ընթացքում աշխատանքային խմբերը՝

3.1. Կատարում են ՔԾՂԽ-ի հանձնարարությունները,

3.2. Վերլուծում են բազմակողմանի համագործակցության՝ գոյություն ունեցող աշխատանքային փորձը և մշակում են այդ փորձի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ,

3.3. Անցկացնում են ՔԾՂԽ-ի անդամ պետությունների օրենսդրությունների փորձագիտական գնահատումներ, նախապատրաստում են տեղեկատու և այլ նյութեր,

3.4. Մշակում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների փոխգործակցության նպատակային ծրագրերի, համատեղ օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների, հատուկ գործառնությունների անցկացման պլանների վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման առաջարկություններ,

3.5. մշակում և համաձայնեցնում են առաջարկությունները և փաստաթղթերի նախագծերը ՔԾՂԽ-ի նիստերում դրանց քննարկման համար:

4. Գործունեության կազմակերպումը

4.1. Աշխատանքային խմբերի գործունեության հիմնական ձևը նիստերն են:

4.2. Աշխատանքային խմբերի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության ՔԾՂԽ-ի նախագահի որոշմամբ՝ իր նախաձեռնությամբ կամ ՔԾՂԽ-ի անդամներից որևէ մեկի պատճառաբանված դիմումով:

4.3. Աշխատանքային խմբերի նիստերն անցկացվում են այն պետության տարածքում, որի ներկայացուցիչը հանդիսանում է աշխատանքային խմբի նախագահը (այսուհետ՝ ընդունող կողմ), կամ ԱՊՀ Գործադիր կոմիտեում: Նիստերը կարող են անցկացվել կապի միջոցների օգտագործմամբ:

4.4. Նիստերի կազմակերպչա-տեխնիկական նախապատրաստումն իրականացվում է ՔԾՂԽ-ի Քարտուղարության կողմից՝ ընդունող կողմի հետ համատեղ:

Ընդունող կողմն ապահովում է նիստերի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ պայմանները (նյութատեխնիկական, կազմակերպչական և այլ ապահովում):

4.5. Նիստերի ընթացքում աշխատանքային խմբի մասնակիցները քննարկում են ներկայացված փաստաթղթերի նախագծերը, դրանցում ուղղումները, համաձայնեցնում են դրանց տեքստերը և աշխատանքի արդյունքները ներկայացնում ՔԾՂԽ-ի քննարկմանը:

4.6. Աշխատանքային խմբերի աշխատանքի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ: Աշխատանքային խմբերի արձանագրությունները 1 շաբաթյա ժամկետում ուղարկվում են ՔԾՂԽ-ի Քարտուղարությանը:

4.7. Աշխատանքային խմբերի մասնակիցների գործուղման ծախսերն իրականացվում են Համաձայնագրի ուղարկած մասնակից պետությունների պետական իշխանության համապատասխան մարմինների հաշվին:

4.8. Աշխատանքային խմբերի նիստերի անցկացման ֆինանսավորման հետ կապված ծախսերն իրականացվում են Համաձայնագրի ընդունող մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինների հաշվին: