Հ Ր Ա Մ Ա Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

  «23» ՆՈՅԵՄԲԵՐ 2018թ.                                                                                                ԹԻՎ 135-Լ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ղեկավարվելով՝ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 348-Լ հրամանի 18-րդ կետի 5-րդ ենթակետով.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

1. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական ծառայության ներքին կարգապահական կանոնները` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի04.2017 թվականի թիվ Ե-40/10-1786 և 16.06.2017 թվականի թիվ Ե-40/10-2852 հանձնարարականները:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ,
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ՝                                                                                                Ա. ՄԽՈՅԱՆ

 

23.11. 2018թ.
Ք. ԵՐԵՎԱՆ

Հավելված
Հայաստանի Հանրապետության
Քրեակատարողական ծառայության պետի
«23» նոյեմբեր 2018թ. թիվ 135-Լ հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների (այսուհետ՝ Ծառայություն) ներքին կարգապահական կանոնները (այսուհետ՝ Կանոններ):

2. Կանոնները Ծառայությունում աշխատանքային կարգուկանոն սահմանող, աշխատանքային պայմանների առանձնահատկություններն արտահայտող նորմեր են, որոնք տարածվում են Ծառայությունում աշխատող բոլոր անձանց վրա:

3. Կանոնները խախտողներն oրենքով սահմանված կարգով ենթակա են կարգապահական պատասխանատվության:

4. Ծառայությունում աշխատանքային շաբաթը (բացառությամբ հերթափոխային ծառայությունից) կազմված է հինգ աշխատանքային և երկու հանգստյան՝ շաբաթ և կիրակի օրերից:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 2138-Ն որոշմամբ սահմանված կարգով Ծառայությունում հնգօրյա աշխատաժամանակի սկիզբը սահմանվում է ժամը 9:00-ն, իսկ ավարտը` 18:00-ն, աշխատողների հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը` 13:00-14:00-ն:

6. Աշխատողն ընդմիջումը օգտագործում է սեփական հայեցողությամբ և իրավունք ունի այդ ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից:

7. Ծառայությունում հերթափոխային ծառայություն իրականացնողների համար աշխատաժամանակի սկիզբը սահմանվում է ժամը 9:00-ն՝ 24-ժամյա գրաֆիկով, իսկ հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամերը ծառայության կազմակերպման առանձնահատկությունները հաշվի առնելով, որոշում է հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը, իսկ կենտրոնական մարմնում՝ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

8. Ծառայությունում կազմակերպվում և իրականացվում է ծառայողների (աշխատողների) աշխատանքի ներկայանալու և աշխատանքից հեռանալու հաշվառումը:

9. Յուրաքանչյուր ծառայող (աշխատող) ծառայության (աշխատանքի) ներկայանալիս և ծառայությունից (աշխատանքից) հեռանալիս էլեկտրոնային կամ գրավոր կարգով գրանցվում է:

10. Ծառայության կենտրոնական մարմնում՝ ծառայության (աշխատանքի) ներկայանալիս և ծառայությունից (աշխատանքից) հեռանալիս ծառայողների (աշխատողների) գրանցման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ծառայության կենտրոնական մարմնի հերթապահության ստորաբաժանումը: Քրեակատարողական հիմնարկներում հնգօրյա աշխատանքային շաբաթով ծառայողների (աշխատողների) գրանցման նկատմամբ հսկողությունն իրականացնում է անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանումը, իսկ հերթափոխային ծառայողների նկատմամբ՝ հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը:

11. Ծառայողի (աշխատողի) անմիջական ղեկավարը ֆինանսական ապահովման ստորաբաժանում է ներկայացնում աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկանք (Ձև 1):

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկանքում որպես հաշվետու ժամանակահատված համարվում է վճարվող աշխատավարձի ամսվան նախորդող ամսվա 16-ից մինչև վճարվող աշխատավարձի ամսվա 15-ը ներառյալ:

12. Ծառայողին արտաժամյա ծառայության ներգրավելու պայմանները և դրա տևողությունը սահմանվում է օրենքով:

13. Արտաժամյա ծառայության ներգրավված Ծառայողի (աշխատողի) վերաբերյալ վերջինիս անմիջական ղեկավարը լրացնում ու կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների ստորաբաժանում է ներկայացնում արտաժամյա աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ տեղեկանք (Ձև 2):

14. Ծառայությունում հարգելի են համարվում աշխատանքից (աշխատավայրից) բացակայության այն դեպքերը, որոնք կապված են`

ա) ծառայողի (աշխատողի) կողմից իր պարտականությունները կատարելու և ծառայողական լիազորություններն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, ծառայության (աշխատանքի) վայրից դուրս՝ այլ վայրեր մեկնելու հետ, որը կատարվում է ծառայողի (աշխատողի) անմիջական ղեկավարի թույլտվությամբ, հանձնարարությամբ կամ գործուղման փաստաթղթի առկայությամբ.

բ) ծառայողի (աշխատողի) անաշխատունակության, հիվանդության, անհետաձգելի դեպքերի հետ, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ հարգելի պատճառների դեպքում` մեկ և ավելի օր տևողությամբ, որի մասին ծառայողը (աշխատողը) անմիջապես հայտնում է անմիջական ղեկավարին, իսկ հետո ներկայացնում է բացակայության հարգելի լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթ (անաշխատունակության թերթիկ, բժշկի տեղեկանք, պատճառաբանված զեկուցագիր, բացատրագիր և այլն):

15. Բացակայությունը հարգելի համարելու հիմք հանդիսացող համապատասխան փաստաթուղթ ծառայողը ներկայացնում է այդ հանգամանքները վերանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Նշված ժամանակահատվածում բացակայությունը հարգելի համարելու հանգամանքը հավաստիացնող փաստաթուղթ կամ պարզաբանում չներկայացվելու դեպքում բացակայությունը համարվում է անհարգելի և առաջացնում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

16. Մինչև ընթացիկ տարվա փետրվարի 15-ն ամենամյա արձակուրդ տալու հերթականությունը (նախնական ժամանակացույցը) հաստատվում է ծառայողի (աշխատողի) անմիջական ղեկավարի առաջարկությունների հիման վրա: Ամենամյա արձակուրդ տալու հերթականությունը կարող է չպահպանվել ծառայողների (աշխատողների), նրանց անմիջական ղեկավարների և արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի համաձայնությամբ:

17. Արձակուրդ տալու հերթականությունը սահմանելիս հաշվի է առնվում ծառայողի (աշխատողի) ցանկությունը և Ծառայության աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը:

18. Ծառայողը աշխատանքի ներկայանում է համազգեստով, պահպանելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 15.09.2005 թվականի թիվ 1728-Ն որոշման պահանջները:

19. Քրեակատարողական ծառայող չհանդիսացող մյուս աշխատողները աշխատանքի ներկայանում են կոկիկ տեսքով՝ հնարավորինս դասական ոճի հագուստով:

20. Ծառայողը (աշխատողը) աշխատանքային օրվա ավարտին զննում է իր աշխատասենյակը, անջատում է էլեկտրական սնուցումից ջահերը և սարքավորումները, փակում է աշխատասենյանկի պատուհանը, կողպում (անհրաժեշտության դեպքում նաև կնիքում) աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանը և աշխատասենյակի դուռը:

21. Ծառայողներին (աշխատողներին) աշխատանքային կարգապահության հետ կապված, չի թույլատրվում`

ա) աշխատանքային ժամերին զբաղվել իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունների և ծառայողական լիազորությունների հետ չկապված ցանկացած գործունեությամբ.

բ) առանց ծառայողական անհրաժեշտության օգտվել ծառայողական հեռախոսների՝  միջքաղաքային, բջջային կամ միջազգային հեռախոսակապերից, ինչպես նաև կապի այլ միջոցներից.

գ) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ծառայողական նպատակներով հատկացված տեխնիկական, տրանսպորտային և մյուս նյութական միջոցները.

գ) ծառայության (աշխատանքի) վայրում օգտագործել ալկոհոլ պարունակող խմիչքներ: