ՀՐԱՄԱՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

             «26» 12. 2018թ.                                                                                                                                    N 1088-Ա

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քրեակատարողական ծառայողների, քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց կողմից բնակելի տարածությունների վարձակալության համար դրամական փոխհատուցման վճարման  գործընթացը կանոնակարգելու նպատակով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի պահանջը և ղեկավարվելով՝ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով՝

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծել կենտրոնական բնակարանային հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)՝ հետևյալ կազմովը.

1) Հանձնաժողովի նախագահ՝

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 1-ին տեղակալ:

2) Հանձնաժողովի անդամներ՝

ա. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներ

բ. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ,

գ. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ֆինանսական բաժնի պետ,

դ․ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության իրավաբանական բաժնի պետ

3) Հանձնաժողովի քարտուղար՝

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ֆինանսական բաժնի պետի տեղակալ:

2. Սահմանել կենտրոնական բնակարանային հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ,
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ՝                                                                                            Ա. ՄԽՈՅԱՆ

 
«26» 12. 2018թ.   Ք. ԵՐԵՎԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության

 քրեակատարողական ծառայության պետի

  «   »________  20    թ.  N       հրամանի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում գործող կենտրոնական բնակարանային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) գործունեության կազմակերպումը և իրականացումը (այսուհետ` կարգ):

2. Հանձնաժողովը ստեղծվում է ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման համաձայն քրեակատարողական ծառայությունում շահառու համարվող անձանց բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու գործընթացն ապահովելու նպատակով:

3. Հանձնաժողովը ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ծառայության անցկացման վայրի վարչատարածքային միավորի ու շահառուի մշտական բնակության հաշվառման կամ սեփականության իրավունքով բնակելի տարածության գտնվելու վայրի վարչատարածքային միավորի միջև ընկած հեռավորությունների մասին տեղեկատվությունը ստանալու նպատակով:

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստանալուց հետո՝ 7-օրյա ժամկետում գումարվում է Հանձնաժողովի նիստ:

5. Նիստն իրավազոր է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի ներկայության դեպքում: Յուրաքանչյուր նիստ արձանագրվում է: Արձանագրությունը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա Հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը:

6. Հանձնաժողովը ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքներով կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1)  կայացնել դրական եզրակացություն բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ և առաջարկել 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել նոտարական կարգով հաստատված՝ բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պատճենը,

2) շահառուին գրավոր առաջարկել 15-օրյա ժամկետում լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ պարզաբանելով, որ նշված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում դիմումը ենթակա է վերադարձման,

3) բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում ստանալու դիմումը վերադարձնել՝ գրավոր տեղեկացնելով դիմումի վերադարձման պատճառները:

7. ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման հավելվածի 13-րդ կետով նախատեսված հարցի քննարկման արդյունքներով Հանձնաժողովը տալիս է նոր եզրակացություն՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման չափը փոխելու վերաբերյալ:

8. Հանձնաժողովի կողմից նոր՝ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման չափը փոխելու վերաբերյալ եզրակացություն տրամադրելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է շահառուին բնակելի տարածության վարձակալության դիմաց տրամադրվող դրամական փոխհատուցման չափը փոխելու մասին համապատասխան հրամանի նախագիծ և ներկայացվում Քրեակատարողական ծառայության պետին՝ հաստատման:

9. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման չափը փոխելու դեպքում փոխված չափով վճարումը կատարվում է եզրակացությունը կայացնելու ամսվա 1-ից սկսած:

10. Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու կամ այն դադարեցնելու հարցը քննարկելու նպատակով յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ից հետո 7-օրյա ժամկետում Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ գումարում է նիստ:

11. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հարցերի քննարկման արդյունքներով, եթե շահառուի կողմից ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտահարկի վճարում կատարված լինելու մասին, ապա Հանձնաժողովը տալիս է եզրակացություն բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը շարունակելու մասին:

12. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հարցերի քննարկման արդյունքներով, եթե շահառուի կողմից չի ներկայացվել Պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից տրված տեղեկանք կնքված վարձակալության մասին պայմանագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով եկամտահարկի վճարում կատարված լինելու մասին, ապա Հանձնաժողովը տալիս է եզրակացություն բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցնելու մասին:

13. ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման հավելվածի 16-րդ կետով նախատեսված դեպքերում Հանձնաժողովը գումարում է նիստ և հարցի ըստ էության քննարկման արդյունքներով տալիս է եզրակացություն բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման վճարումը դադարեցնելու մասին:

14. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով նախատաեսված եզրակացությունները տալու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է համապատասխան հրամանի նախագիծ և ներկայացվում Քրեակատարողական ծառայության պետին՝ հաստատման:

15. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները (տրված եզրակացությունները) կարող են բողոքարկվել դատական կարգով, այն ստանալու (դրան ծանոթանալու) օրվանից մեկամսյա ժամկետում:

16. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը,

2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը,

3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի անցկացման օրվա և  օրակարգի հարցերի մասին,

4) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները (եզրակացությունները) համապատասխան ստորաբաժանմանը և շահառուին փոխանցելու (ծանոթացնելու) գործընթացը:

5) կազմակերպում է սույն հրամանով նախատեսված գործընթացի կազմակերպման և գործերի արխիվացման աշխատանքները: