ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցավ մի խումբ ծառայողների՝ կրծքանշաններով պարգևատրման արարողությունը:
ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանի միջնորդությամբ երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 17 ծառայող պարգևատրվեց «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, 4 ծառայող՝ «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվեց 5 ծառայող:

Իրենց ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ա. Մխոյանի հրամանով 35 ծառայողների նկատմամբ կիրառվեց շնորհակալության հայտարարում խրախուսանքը, իսկ 2 ծառայողի նկատմամբ՝ կարգապահական տույժի հանում խրախուսանքը:

Շնորհավորելով պարգևատրված ծառայողներին՝ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ հավաքվել ենք տոնական առիթով. դուք երկարամյա անբասիր ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ պարգևատրվել եք նախարարի կողմից: Ես արժանի ծառայողներին խրախուսելու կողմնակից եմ: Ցանկանում եմ, որ համակարգի ծառայողները խրախուսվեն ոչ միայն տոների առիթով, այլև պարտականությունները նվիրումով, նախաձեռնությամբ ու ակնհայտ ձեռքբերումներով իրականացնելու համար: Այսօր իրականացել է մեր պապերի երազանքը. Հայաստանն անկախ է, ինքնիշխան, ու մեր սերունդն է վայելում այդ  մեծ արժեքը: Այսօր, ավելի քան երբեք, մենք մեր տեղում պետք է առավելագույնս բարեխղճորեն ծառայենք՝ ի փառս մեր հայրենիքի, հանուն համակարգի արժանապատվության: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ ու անփորձանք ծառայություն»:

Կրծքանշանները քրեակատարողական ծառայողներին հանդիսավոր պայմաններում հանձնեց անձամբ ծառայության պետ Ա. Մխոյանը: