ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հերթական այցով «Գորիս» քրեակատարողական հիմնարկում էին: Վերջիններս շրջայց կատարեցին քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում եղան կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, գրադարանում, զբոսահրապարակում, պահեստում, ճաշարանում, ծանոթացան դատապարտյալների համար պատրաստվող սննդի որակին և ճաշացանկին, բնակելի գոտու խցերում հանդիպեցին դատապարտյալների հետ, խոսեցին նրանց հուզող հարցերի շուրջ:

Տեղում քննարկվեցին վերհանված որոշ առաջնահերթ խնդիրներ և վերջիններիս լուծման ուղիները, այդ թվում՝ հետագայում Սյունիքի մարզում «Գորիս» քրեակատարողական հիմնարկին փոխարինող նոր, միջազգային չափանիշներին համապատասխան հիմնարկ կառուցելու հարցը, ինչի կապակցությամբ այցելեցին Խնձորեսկում Ծառայության կողմից ձեռք բերված հողատարածք:

Այցի շրջանակներում Արդարադատության նախարարը և Ծառայության պետը «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի տնօրեն Մարատ Սևոյանի ուղեկցությամբ եղան «Գորիս» քրեակատարողական հիմնարկի «Մեղրի» տեղամասում, որտեղ պահվող դատապարտյալները զբաղվում են այգեգործությամբ, մասնավորապես նռան և խաղողի այգիների մշակմամբ: Այցելության նպատակն էր տեղում ծանոթանալ տեղամասի խնդիրներին: Նռան և խաղողի այգիներում շրջելուց հետո ուսումնասիրելու նպատակով եղան նաև Նռնաձոր գյուղում գտնվող «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամին պատկանող մրգի պահածոների արտադրամասում: Դատապարտյալներին աշխատատեղերով ապահովելու նպատակով տեղում քննարկվեցին արտադրամասի վերագործարկման, ժամանակակից տեխնիկայով վերազինման հեռանկարները: