Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 66-րդ լիագումար նիստի ընթացքում ԳՐԵԿՈ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը և պատվիրակության անդամ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գևորգյանը ներկայացրել են ԳՐԵԿՈ-ի գնահատման երրորդ փուլի` Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ երկրորդ զեկույցը, որը հաստատվել է` արժանանալով անդամ երկրների համընդհանուր հավանությանը:

Հայաստանի զեկույցի ուսումնասիրման արդյունքում ԳՐԵԿՈ-ն գոհունակություն է հայտնել ՀՀ իշխանությունների կողմից 19 խորհրդատվությունների կատարման ուղղությամբ գործադրած ջանքերի արդյունավետության առնչությամբ: Մասնավորապես ողջունվել են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի ուժեղացմանը նպատակաուղղված աշխատանքները` ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների, համապատասխան օրենսդրական ակտերի վերանայման և հստակեցումների ներմուծման միջոցով:

ԳՐԵԿՈ-ն ողջունել է նաև քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի կողմից համապատասխան խորհրդատվությունների կատարումը, որոնց արդյունքում ՀՀ իրավասու իշխանությունների կողմից ընդունվել է ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը, փոփոխության է ենթարկվել քաղաքական կուսակցությունների մասին ՀՀ օրենքը, ինչպես նաև վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը: ԳՐԵԿՈ անդամ երկրների մեջ Հայաստանը դասվել է օրինակելի երկրների շարքում, որը հետևողականորեն իրագործում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

Վերոնշյալ զեկույցի ընդունմամբ ավարտվել է ԳՐԵԿՈ-ի գնահատման երրորդ փուլով Հայաստանի հանդեպ սահմանված պարտավորությունների կատարումը: