Հունիսի 20-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինիին, նախագահի տեղակալ Ջաֆար Քուշային, նախագահի տեղակալ, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Հուսեյն Մուհամադ Նաբիին:

Քննարկվող թեմաների լայն շրջանակում ընդգրկված էին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների զբաղվածության ապահովմանը, արտահանձնմանը (էքստրադիցիային), ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխությանն առնչվող հարցեր:

Պալատի նախագահ Իսա Ամինին նախ շնորհակալություն հայտնեց Ծառայության պետին ընդունելության համար, ապա նշեց, որ բարձր Է գնահատում քրեակատարողական ծառայողների կողմից մշտապես ցուցաբերվող մարդասիրական և պատասխանատու վերաբերմունքը իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ:

Ա. Մխոյանը, իր հերթին ողջունելով հյուրերին, նշեց, որ Քրեակատարողական ծառայությունը սերտ համագործակցում է ՀՀ-ում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, և պատրաստակամություն հայտնեց առավել ընդլայնել և ամրապնդել համագործակցության շրջանակները երկու երկրների համապատասխան կառույցների միջև:

ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահը հայտնեց, որ իրենք պատրաստ են իրավաբանական օգնություն ցուցաբերել ոչ միայն ՀՀ-ում իրանցի ազատազրկված անձանց, այլ նաև ԻԻՀ-ում հայ ազատազրկվածներին՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կազմակերպելու ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների այցը Իրանի Իսլամական Հանրապետության քրեակատարողական հիմնարկներ:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց բազմակողմանի քննարկման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական և առավել արդյունավետ: