Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին մասնակցել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:

Երկրի նախագահը ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և քրեակատարողական վարչության պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել վարչական շենքի, ռեժիմային գոտու, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակների, պահպանության բաժնի և բնակելի հատվածի պայմաններին: ՀՀ նախագահին ներկայացվեց նաև բժշկական սպասարկման համար նախատեսված մասնաշենքը և հիվանդանոցային մասը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Ջոն Հեֆերնը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վիսկոնսին նահանգի քրեակատարողական վարչության պետ Էդվարդ Ուոլը, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Միջոցառման ավարտին լրագրողների համար շրջայց է կազմակերպվել քրեակատարողական հիմնարկում:

«Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի շինարարությունը սկսվել է 2007 թվականին: