ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են տարբեր ձևաչափի միջոցառումները՝ նվիրված ծառայության 100-ամյակին:

Հոկտեմբերի 10-ին «Աբովյան» ՔԿՀ-ում աշխատակազմի նախաձեռնությամբ կազմակերպվեց բացօթյա մեծ ցուցահանդես: Ներկայացվեցին կին  դատապարտյալների ձեռքի աշխատանքները՝ տարբեր ոճի և բովանդակության: Տարիների ընթացքում ազատազրկված կանանցից շատերն իրենց ազատ ժամանակը լրացրել են նաև ստեղծագործական արարմամբ՝ կավից ստեղծելով յուրօրինակ նմուշներ, կտավի վրա հանձնելով իրենց պատկերացումներն ու զգացողությունները, գեղեցիկը դրոշմելով ապակիների վրա, աչք շոյող գունագեղ ասեղնագործություններով հարստացնելով ստեղծագործությունների ներկապնակը:

Ցուցահանդեսն առանձնանում էր նաև հիմնարկի պատմությանը վերաբերող լուսանկարներով: Կազմակերպիչները, «Աբովյան» ՔԿՀ պետ, գնդապետ Արմեն Մարտիրոսյանի և պետի տեղակալ, փոխգնդապետ Գագիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ի մի էին բերել հիմնարկին վերաբերող արժեքավոր լուսանկարները՝ կարճ պատմական ակնարկներով ներկայացնելով նախկինում «Դաստիարակչական աշխատանքային գաղութ» կոչվող, հետագայում «Աբովյան» վերանվանված հիմնարկի վաթսունամյա պատմությունը:

Միջոցառմանը ներկա էին հիմնարկի վարչակազմը, աշխատակիցները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը և ազատազրկված կանայք: Վերջիններս ի սրտե հայտնեցին իրենց շնորհակալական խոսքը կազմակերպիչներին՝ այսպիսի հագեցած և գեղեցիկ միջոցառում իրականացնելու համար:

Հոկտեմբերի 8-ին ծառայության 100-ամյակին նվիրված ևս մեկ միջոցառում կազմակերպվել էր նաև ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում. շաշկիի առաջնություն 43 դատապարտյալների միջև: Առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրած դատապարտյալներ Սիմոն Վարդանյանը, Աշոտ Իսախանյանը և Արմեն Հովհաննիսյանը խրախուսվելու են հիմնարկի վարչակազմի կողմից: