«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից դեռևս 2019 թվականի փետրվարի 11-ից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացվում էր «Իրավախախտում կատարած անձանց 2019թ. գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը:

Օգոստոսի 1-ին ծրագրի շրջանակներում Կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանի գլխավորությամբ կազմակերպվեց այց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այցի նպատակն էր ավարտական հավաստագրեր հանձնել 19 այն դատապարտյալների, որոնք մասնակցել էին ծրագրով նախատեսված «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Բիզնես գրագիտություն», «Համակարգչային հմտություններ», «Դեկորատիվ կիրառական արվեստ /վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն, զարդակիրառական արվեստ, խեցեգործություն»/ դասընթացներին:

Նշենք, որ դատապարտյալների դիմում-խնդրանքով Կենտրոնի կողմից հիմնարկի մարզադահլիճին տրամադրվեց նաև մարզական գույք:

Օգոստոսի 2-ին վերոնշյալ ծրագրի շրջանակում Կենտրոնն իրականացրեց ևս մեկ այց, այս անգամ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ դասընթացներին մասնակցած 6 դատապարտյալ կանանց նույնպես հանձնեցին ծրագրի ավարտը փաստող հավաստագրեր: