Փետրվարի 21-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Ծառայության աշխատակիցների և հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կազմակերպվեց գրքի շնորհանդես: Ցմահ դատապարտյալ, 1983թ. ծնված Գարեգին Սարգսյանը հանրությանը ներկայացրեց անազատության մեջ գտնվելու տարիների ընթացքում թղթին հանձնած իր մտքերը՝ ամփոփված «Հայեցի պապը և նրա ժառանգները», «Խորագիտական գանձարան» և «Անահիտ» գրքերում:

Նրա հերոսները «իրենց սեփական բախտի ու ճակատագրի մեջ իրենց կյանքը ազնիվ ապրեցնողներն» են և հարգանքի արժանի այն մարդիկ, ովքեր «իրենց գոյությամբ, սեփական մտքի, բանականության ներքո է՛լ ավելի են գեղեցկացնում կյանքը և բնությունը…»:

Ճակատագրի բերումով ճաղերից այն կողմ հայտնված հեղինակը պարզունակ անկեղծությամբ գրքին է հանձնել անհատի անցնելիք ճանապարհի իսկությունը՝ արտացոլելով գյուղական մանկության անհոգ, երջանիկ տարիներն ու մտովի իրականացնելով անկատար մնացած երազանքները:

Շնորհանդեսին ներկա էին նաև Գ. Սարգսյանի կինը, հարազատները: Հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով և ողջունելով հեղինակին համարձակ քայլի համար, շեշտադրեց հատկապես այն փաստը, որ այս և նմանատիպ միջոցառումները խթան են անազատության մեջ գտնվողներին և նաև ապացույցն են այն բանի, որ քրեակատարողական հիմնարկներում «ապրում են մարդիկ, ում մտայնությունը միայն հանցանքը չէ, և նրանց օրը հագեցած է բարի գործերով»:

Գ. Սարգսյանը հարգանքի և շնորհակալության խոսքեր ուղղեց իրեն սատարողներին, հիմնարկի անձնակազմին, ինչպես նաև Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, ում հոգևոր օժանդակությունն օգնում է դիմակայել անազատությանը: