Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն` Մայրության և գեղեցկության օրը` ապրիլի 7-ին, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող կանանց` Գավառի, Երևանի, Գյումրիի մանկատներում բնակվող և հարազատների խնամքին հանձնված շուրջ 10 երեխաներ տեսակցեցին իրենց մայրերին:

Հանդիպումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ, ինչպես նաև  ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի աջակցությամբ, անցավ բավականին ջերմ մթնոլորտում` ներկաներին պարգևելով բազում հաճելի և հուզիչ ակնթարթներ:

Քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Աբովյան» ՔԿՀ-ում տեղադրված խաչքարի մոտ, օրվա խորհրդին համահունչ, կանանց օրհնության կարգ կատարեց, ապա հոգևոր հոր հրավերով Գևորգյան հոգևոր ճեմարանի` հիմնարկում գտնվող երգչախումբը հանդես եկավ երգչախմբային ինքնատիպ կատարումներով:

Ավարտին ներկաները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին վերջին օրերի պատերազմական իրադարձությունների ժամանակ զոհված մեր քաջամարտիկների հիշատակին` ծաղիկներ խոնարհելով յուրատեսակ ուխտատեղի դարձած խաչքարի պատվանդանին: