Հոկտեմբերի 19-ին լրացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 100-ամյակը: Նշենք, որ մինչև 1919 թվականը բանտային համակարգը գործում էր Ներքին գործոց մինիստրության կազմում՝ Ռուսական Կայսրությունից ժառանգություն մնացած բանտային ցանցի վրա: 1919թ. հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նիստում որոշվել է բանտային համակարգը՝ իր ողջ կառուցվածքով և ստորաբաժանումներով, փոխանցել արդարադատության նախարարությանը։

2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 19-ը սահմանվեց որպես քրեակատարողական ծառայողի օր։ Եվ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում կայացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի և քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ ծառայության մի շարք աշխատակիցներին կոչումներ և պարգևատրումներ հանձնելու հանդիսավոր նիստը:

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և այլ պատվավոր հյուրեր:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, շնորհավորելով ներկաներին      քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու համար, մաղթեց համակարգի ծառայողներին արդյունավետ աշխատանք և գործնական վերելքներ:

Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը՝ համակարգի ծառայողներին անձամբ հանձնելով երկարամյա անբասիր ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար կրծքանշաններն ու պարգևները:

Արարողությանը հրավիրված էին նաև ծառայության վետերաններ, որոնց հանձնվեցին հուշանվերներ երկարամյա ծառայության, համակարգում ներդրած ավանդի և նվիրումի համար:

Պետական այլ ծառայությունների ներկայացուցիչները նույնպես հանդես եկան շնորհավորական խոսքով և իրենց գերատեսչության ղեկավարության անունից ծառայության մի շարք աշխատակիցների պարգևատրեցին կրծքանշաններով և պատվոգրերով: