Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց մշակութային միջոցառում. հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ ազատազրկված կանանց համար իրականացվեց կինոդիտում: Ընտրվել էր անգլիացի աշխարհահռչակ կինոդերասան, սցենարիստ, ռեժիսոր և երաժիշտ Չարլի Չապլինի «Փոքրիկը» ֆիլմը, որից հետո ներկաների համար ընթերցվեց 76-ամյա Չապլինի հայտնի նամակը՝ ուղղված իր դստերը՝ 21-ամյա Ջերալդինային:

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նույնպես կազմակերպվել էր մշակութային միջոցառում: Թեման ընտրել էին դատապարտյալները. նրանց առաջարկությամբ այս միջոցառումը նվիրվեց ապրիլյան քառօրյային: Թեմատիկ վավերագրական ֆիլմերի ցուցադրումից անմիջապես հետո տեղի ունեցավ ինքնաբուխ քննարկում, հնչեցին անկեղծ գնահատականներ, հիացմունքի և երախտիքի խոսքեր հայրենանվեր հայորդիների մասին, որոնք իրենց անձնազոհությամբ ապացուցեցին, որ արժանի հետնորդներն են քաջ նախնիների: