ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

2016թ. 1-ին կիսամյակում քրեակատարողական հիմնակներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել են 35 քրեական գործեր, որոնցից 20-ը՝ քրեակատարողական հիմնարկների կողմից:

Կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 1586 միավոր կտրող-ծակող առարկաներ և 1137 բջջային հեռախոսներ:

Հայտնաբերվել և առգրավվել է 147.244 գրամ թմրամիջոց:

Կարգապահական տույժի են ենթարկվել 1316 դատապարտյալներ և կալանավորված անձինք:

Կիսամյակի ընթացքում ստացիոնար բուժում է ստացել  563 անձ, ամբուլատոր ընդունելության դիմել 47602-ը:

Նախորդ տարված նույն ժամանակահատվածի համեմատությամբ էականորեն նվազել է տուբերկուլյոզով հիվանդների թվաքանակը` 25 (2015թ. 1-ին կիս.՝ 34)

Քաղաքացիական հիվանդանոցներ Է տեղափոխվել 496 անձ, ինչը 146-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում տեղափոխվածներից:

Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 2-ով նվազել են նաև մահացածության դեպքերը` 15` 17-ի փոխարեն:

Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից իրականացված կանոնադրական գործառույթների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել շուրջ 73 մլն ՀՀ դրամ:

Իրականացվել է 118 ծառայողական քննություն և 46 ուսումնասիրություն, որոնց արդյունքում 58 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ընդ որում` 3-ի նկատմամբ կիրառվել է ծառայությունից ազատում կարգապահական տույժը:

«Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 270 զանգ:

Հաշվետու ժամանակահատվածում 3 ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, դադարեցվել են 7 ծառայողների լիազորությունները:

431 դատապարտյալներ ներգրավվել են տարաբնույթ աշխատանքներում, այդ թվում՝ այլ գործատուների մոտ, ինքնագործ միավորումներում ընդգրկվել են 203-ը:

Իրացվել է 118 դատապարտյալի կրթական իրավունքը, ինչպես հանրակրթական, մասնագիտական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական:

Նույնականացման քարտերով փաստաթղթավորվել են 76 անձինք:

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

  1. Հաշվետու ժամակաշրջանում նախապատրաստվել են թվով 11 նորմատիվ-իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնցից 2-ն արդեն իսկ ընդունվել են:
  2. Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ, Vxsoft ընկերության մասնագետների հետ համատեղ մանրամասն նախագծվել և մշակվել է «ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԸ» (i-penitentiary), որն աննախադեպ է իր մասշտաբով և տեխնիկական հնարավորություններով:

Համակարգն ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող բոլոր գործառույթներն ու փաստաթղթերը:

Մասնավորապես, լուսանկարելու, մատնահետքեր վերցնելու, ինչպես նաև տեսանկարահանելու ողջ գործընթացն իրականացվելու է թվայնացված եղանակով, իսկ բժշկական պատմագրերը համապատասխանեցված են բանտային բժշկության ոլորտում միջազգայնորեն ճանաչված ուղեցույց հանդիսացող «Ստամբուլյան արձանագրություններ»-ի ձևանմուշներին:

Համակարգը ներդրվելու է Եվրոպական միության և Եվրոպայի խորհդի աջակցությամբ և նախատեսված է շահագործման հանձնել  2017թ-ի սկզբին:

  1. Կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների կողմից ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ բերելու գործընթացը դյուրացնելու, արգելված իրերի ներթափանցման դեպքերը կանխելու, ինչպես նաև ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ՝ հիշյալ գործընթացը կազմակերպելով «ԱՌՑԱՆՑ ԵՂԱՆԱԿՈՎ»: Առցանց խանութի ծառայություններն արդեն իսկ ներդրված են ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում: Հարկ է նշել նաև, որ առցանց խանութի ծառայություններից կարող են օգտվել նաև արտերկրում բնակվող քաղաքացիները:
  2. Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության և Հայաստանի` վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում էներգախնայողության ծրագիրը, որի արդյունքում 9 քրեակատարողական հիմնարկներում լուծում են ստացել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասերի լուսավորության, սենյակների ջեռուցման, տանիքների ջրամեկուսացման, ինչպես նաև պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հարցերը:
  3. 2016թ-ին կնքված պայմանագրի շրջանակներում քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվել են դեզինսեկցիոն՝ ախտահանման, մակաբույծների ոչնչացման, և դեռատիզացիոնաշխատանքներ: Նշված միջոցառումները կրում են պարբերական բնույթ:
  4. Հաշվետու ժամանակաշրջանում քրեակատարողական ծառայությունը սերտորեն համագործակցել է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության քրեակատարողական ծառայությունների հետ՝ կազմակերպելով երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հիմնախնդիրների քննարկման միասնական հարթակներ, փորձի փոխանակման և նյութատեխնիկական ռեսուրսների համալրվածության նկատառումներով պայմանավորված` իրականացրել փոխադարձ այցեություններ:

7.   2016թ-ի 1-ին կիսամյակում քրեակատարողական ծառայության պատվիրակությունը մասնակցել է նաև  Մոսկվայում տեղի է ունեցած «ԱՊՀ անդամ երկրներիքրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի» անդրանիկ նիստին, որի ժամանակ ընդունվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք կարևոր որոշումներ: