Երեք տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ գարնան նորաշունչ և կենսաբեր նորամուտի շեմին, Արցախ երկիրը ենթարկվեց ադրբեջանցիների դավադիր հարձակմանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, ինչի ժամանակ հայրուրից ավել արծվասիրտ, հայրենանվեր հայորդիներ իրենց ամենաթանկն ու ամենակարևորը՝ իրենց կյանքը, նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանությանը, մեր ներկայիս գոյությանը, մեր զավակների ապահովությանն ու խաղաղությանը:

Այդ անսպասելի հարձակմանը Ջաբրայիլի մարտական դիրքում իր ծառայակից ընկերների հետ մինչև վերջին փամփուշտը դիմակայել է նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ, արդարադատության մայոր Արտակ Ներսիսյանի որդին՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ուսանող, կոչումով սերժանտ Կարեն Ներսիսյանը՝ Քառօրյա պատերազմի առաջին զոհերից, որը հետմահու պարգևատրվեց Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և Հայաստանի Հանրապետության  «Արիություն» պետական մեդալներով:

Կարեն Ներսիսյան: Մերօրյա հերոս, Հայոց աշխարհի քաջազուն զավակ, որը ապրիլի 8-ին կդառնար 22 տարեկան…

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ողջ անձնակազմը, կին դատապարտյալների մասնակցությամբ, կազմակերպեց մոմավառություն ի հիշատակ Կարեն Ներսիսյանի և մնացյալ բոլոր զոհվածների հավերժ խոնարհմանը: