Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովուրդը, իրեն ուղեցույց դարձնելով հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները, հետամուտ լինելով ազատատենչ նախնիների երազանքին՝ հայրենիքը դարձնել հզոր, ինքնիշխան, բարեկեցիկ և սերունդների համար ապահով երկիր, դեռևս երկու տասնամյակ առաջ այս օրը՝ հուլիսի 5-ին, ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որն էլ դարձավ մեր անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշը:
Սա մեր բոլորի տոնն է, բոլոր նրանց, որոնք համաժողովրդական քվեարկությամբ մասնակից եղան ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կառուցմանը, և տոնն է նաև սերունդների, որոնք ապրում և ապրելու են մի երկրում, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, և որտեղ մարդու արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրության գոյությունը միայն արձանագրված փաստ չէ, այլ այն կարևոր իրողություններից է, որում ամրագրված հիմնարար սկզբունքները կյանքի կոչելով՝ յուրաքանչյուրս մեր ամենօրյա աշխատանքով պիտի խթանենք երկրում զարգացած քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացները և պահպանենք անհատի անխախտելի արժանապատվությունը: