Հունվարի 21-ին Մայր Աթոռի անունից Նոր Կտակարաններ նվիրելու կապակցությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպեց ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը խոսեց հոգևոր ժառանգության, դրա պահպանման և սերունդներին փոխանցելու, Աստծո խոսքը լսելու և դրանով առաջնորդվելու կարողության մասին:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ԱՊԿԲ պետ Լ. Ավետիսյանը խորին շնորհակալություն հայտնեց Ռուբեն վարդապետին մեկ անգամ ևս Աստծո խոսքը մեկնելու և նվերների համար:

Այնուհետև Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը նույն առաքելությամբ այցելեց ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը հորդորեց բացի կենսական և մտավոր սնունդից` չմոռանալ նաև հոգևոր սնունդի մասին:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Մ. Միքայելյանն էլ անձամբ իր և աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնեց Հայր Ռուբենին և խնդրեց իրենց երախտիքի խոսքը փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: