Ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ը, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդես եկավ տիկնիկային ներկայացմամբ:

Մինչ ներկայացումը քրեակատարողական վարչության պետի տեղակալներ, արդարադատության գնդապետ Մ. Հարությունյանը և արդարադատության փոխգնդապետ Ա. Համբարձումյանը տոնի կապակցությամբ շնորհավորեցին կին դատապարտյալներին: Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի նախագահ Արմեն Սաֆարյանը: Տերունական աղոթքից հետո ներկայացումը սկսվեց:

Ներկայացման ավարտին քրեակատարողական հիմնարկի բակում Հայաստանի Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը ևս շնորհավորեց կին դատապարտյալներին և ֆեդերացիայի կողմից հիմնարկին նվիրեց սեղանի թենիսի պարագաներ՝ խոստանալով առաջիկայում այլ մարզական գույքով ևս աջակցել կին դատապարտյալներին: Ֆ. Սարգսյանը նաև վարպետության դաս անցկացրեց կին դատապարտյալների հետ: