Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվեց նորակառույց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մատուռը` խաչքարով և սրբապատկերներով հանդերձ: Աղոթատունը կոչվեց «Սուրբ Գրիգոր Նարեկացի»` ի պատիվ Հայ առաքելական եկեղեցու սրբադասված մեծ աստվածաբանի, որին վերջերս Հռոմի կաթոլիկ եկեղեցին դասեց իր վարդապետների շարքը:

Արարողությանը ներկա էին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, ինչպես նաև Ծառայության վարչակազմը:

Մատուռի օծման արարողությունն սկսվեց հոգևորականների, հիմնարկի վարչակազմի և դատապարտյալ անձանց միասնաբար արտասանված Տերունական աղոթքով: «Մենք ուզում ենք Աստծո հետ երկխոսություն ունենալ, և այս մատուռը միջոց է հայացքն ուղղելու առ Աստված…Սբ. Նարեկացին իր Մատյանը նվիրեց մարդկությանը, որ մեր մեջ զորացնի հավատը հոգու փրկության և ազատության համար»,- պատգամեց Մուշեղ սրբազանը՝ ներկաներին փոխանցելով նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնը և աղոթական բարեմաղթանքները:

Նորաօծ մատուռում քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ կատարվեց դատապարտյալի մկրտություն: Դատապարտյալը ի պատիվ Գրիգոր Նարեկացու ստացավ Նարեկ հոգևոր անունը:

Սբ. Գրիգոր Նարեկացու անվան մատուռը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից համալրված է հոգևոր գրականությամբ: