ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում երաժշտական միջոցառումներով ամփոփվեց կանանց մեկամսյակը:

Կին դատապարտյալներին տոնի կապակցությամբ շնորհավորեց «Գետափ» համույթը, այնուհետև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում օրվա բովանդակությունն էլ ավելի տոնական դարձրին «Տարոն» գեղագիտական կենտրոնի սաները՝ ղեկավար Հովհաննես Թադևոսյանի գլխավորությամբ:

Ապրիլյոթյան միջոցառմանը ներկա էին նաև քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հայր Արսեն քահանա Համբարձումյանը և Մայր Աթոռի սոցիալական ծառայության աշխատակից քույր Սոսի Թերզյանը: Վերջիններս, մինչ միջոցառման սկսելը, տերունական աղոթքով օրհնեցին ներկաներին, այնուհետև կանանց ծաղիկներ նվիրեցին:

Հագեցած տոնական օրն ավարտվեց անակնկալով. «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը, գլխավոր տնօրեն Մարատ Սևոյանի նախաձեռնությամբ, կին դատապարտյալներին նվիրեց հիմնադրամի կողմից արտադրված անարատ մեղր:

Կին դատապարտյալները, տպավորված ուրախ և տրամադրող միջոցառումից, իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին՝ վստահեցնելով, որ նման միջոցառումների հաճախակիությունը կնպաստի իրենց հոգևոր վերընթացին և հասարակական կյանքից ու եռուզեռից չմեկուսացվածությանը: