2015 թվականի նոյեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում տեղի ունեցած միջազգային 2-րդ պենիտենցիար համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարարման դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Դորոշկոյի հրավերով մարտի 30-ից ապրիլի 1-ը Մինսկում էր գտնվում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները տեղում ծանոթացան քրեակատարողական համակարգում նյութատեխնիկական տարբեր միջոցների գործադրմամբ վերահսկողության և անվտանգության կազմակերպման աշխատանքերին, ուղղիչ հիմնարկների արտադրական հզորություններին և Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության քրեակատարողական համակարգի ունիտար արտադրական հիմնարկությունների արտադրանքի անվանացանկին, ինչպես նաև եղան տարբեր ուղղիչ հիմնարկներում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը բելառուս գործընկերներին ծանոթացրեց ՀՀ քրեակատարողական համակարգում իրականացված բարեփոխումներին, կատարված աշխատանքներին, այդ թվում` նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ենթակառուցվածքներին և օրերս ներդրված առցանց պատվերների համակարգին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու երկրների քրեակատարողական ծառայությունների համագործակցության ընդլայնման, այդ թվում` Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատիժների կատարարման դեպարտամենտի փորձագիտական խմբի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման, ծավալների ընդլայնման և զարգացման վերաբերյալ տեղում խորհրդատվության տրամադրման ծրագրերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին ներքին գործերի նախարարության` իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված աշխատակիցների հիշատակին և ծաղկեպսակ դրեցին հուշարձանին: