Հոկտեմբերի 2-ին քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ կազմակերպելու՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականի շրջանակներում «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում հանդես եկավ բելառուսցի դրամատուրգ Սվետլանա Բարտոխովայի «Անկոչ հյուրը» լիրիկական կատակերգությամբ:

Ազատազրկված կանայք մեծ սիրով և ոգևորությամբ ներկա գտնվեցին ներկայացմանը, որի ավարտին հայտնեցին իրենց շնորհակալական խոսքերը դերասանական անձնակազմին, կազմակերպիչներին և հիմնարկի վարչակազմին:

Հոկտեմբերի 4-ին «Վանաձոր» ՔԿՀ-ում ևս մշակութային օր էր. հիմնարկի վարչակազմի օժանդակությամբ կազմակերպվեց ստեղծագործող դատապարտյալների աշխատանքների ցուցադրման տաղավար՝ նվիրված քրեակատարողական ծառայության 100-ամյակին:  Ներկայացվեցին «Վանաձոր» ՔԿՀ-ում նախկինում պատիժ կրած դատապարտյալների, ինչպես նաև ներկայումս պատիժ կրող դատապարտյալ Սամվել Ավետիսյանի ստեղծագործական աշխատանքները:

Ցուցադրման տաղավարը կգործի մինչև հոկտեմբերի 18-ը: