ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, փետրվարի 7-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում  կազմակերպել էր միաժամանակյա շախմատային սեանս՝ ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի մասնակցությամբ:

Ս. Լպուտյանը խաղից հետո իր խոսքում նշեց, որ չնայած հեշտ էր դատապարտյալների հետ խաղալը, այնուամենայնիվ նրանք փորձում էին լավ խաղալ և այս հանդիպումն իրենց համար հիշվող կլինի:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, կարևորելով նմանատիպ հանդիպումները, նշեց, որ նմանօրինակ սպորտային միջոցառումները դատապարտյալներին խորհելու հնարավորություն են տալիս, նպաստում են դաստիարակչական աշխատանքներին: Վարչության պետը համոզմունք հայտնեց, որ միջոցառումները շարունակական են լինելու, կկազմակերպվեն նաև այլ քրեակատարողական հիմնարկներում:

Խաղի ավարտին ՀՀ շախմատի ֆեդերացիան ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներին նվիրեց 50 շախմատ, իսկ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության միջնորդությամբ երգիծաբան Լեռ Կամսարի թոռնուհի Վանուհի Թովմասյանի անունից ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի գրադարանին նվիրաբերվեց անվանի երգիծաբանի հեղինակած մոտ 30 գիրք: