2015թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի կայքէջում (www.pmg.am) հրապարակված «Հասարակական դիտորդական խումբը արձանագրել է մի շարք խնդիրներ «Աբովյան» ՔԿՀ-ում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ միայն 2015թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսներին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող 27 դատապարտյալների սոցիալական-վերականգնողական նպատակներով տրամադրվել են թվով 71 կարճաժամկետ մեկնումներ՝ միջինը` 1 շաբաթ տևողությամբ, ուստի հրապարակման մեջ ներկայացված «խնդիրը», թե բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին աշխատանք փնտրելու նպատակով թույլ չի տրվում դուրս գալ քրեակատարողական հիմնարկի տարածքից, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ Կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի 99-րդ կետի համաձայն`  կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց կողմից բերված, կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար նախատեսված հանձնուքները, ծանրոցները և անձնական իրերը համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից զննվում են հետևյալ կերպ. հացաբուլկեղենը կտրատվում է, պահածոները բացվում և փոխադրվում են մեկ այլ տարայի մեջ, ձուկը, պանիրը, երշիկեղենը և մսեղենը կտրատվում են կտորների, սորուն մթերքները (շաքարավազ, աղ և այլն) լցվում են մեկ այլ տարայի մեջ, ծխախոտների տուփերը բացվում և ստուգվում են, կոնֆետներն ընդունվում են առանց փաթեթավորման, անհրաժեշտության դեպքում մասնատվում են:

Բոլոր մյուս մթերքները, որոնք կարող են օգտագործվել իրենց մեջ արգելված իրեր թաքցնելու համար, ստուգվում են նույն կերպ:

Նույն կետի 2-րդ պարբերության համաձայն` զննումը կատարվում է այնպես, որ մթերքները և իրերը չկորցնեն նպատակային նշանակությամբ օգտագործվելու հնարավորությունները:

Անհրաժեշտության դեպքում այդ նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ:

Իրավական ակտի վերլուծությամբ ակնհայտ է, որ զննումը տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացնելը քրակատարողական հիմնարկի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:

Փաստում ենք, որ զննման ընթացքում սնունդ փչացնելու վերաբերյալ քրեակատարողական ծառայությունում երբևէ մտահոգություններ չեն հնչեցվել:

Դիտորդական խմբի բարձրաձայնած այն «մտահոգությունը», թե հղի կանանց կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց սնունդով և այլ պարագաներով ապահովելու հարցը դեռևս անտեսված է, նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեռևս 2015 թվականի փետրվարին քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում են.

– հավելյալ սննդի չափաբաժիններ հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների համար

– իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց ապահովում մանկական սնունդով՝ առողջապահության համակարգի մանկական հաստատություններում գտնվող համապատասխան տարիքի երեխաների համար նախատեսված նորմերով,

– իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց ապահովում հագուստով, կոշկեղենով և փափուկ կահույքով՝ ՀՀ կառավարության 31.05.2007թ. թիվ 815-Ն որոշման 9-րդ հավելվածով սահմանված չափաբաժիններով և ժամկետներով

– իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձանց հիգիենիկ պարագաներով ապահովում (մանկական օճառ, տակդիր, կերակրաշիշ և այլն):

Անհրաժեշտ է դիտորդական խմբի ուշադրությունը հրավիրել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 101-րդ հոդվածի պահանջներին, ըստ որի` պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու օրենսդրական նախադրյալներից է նաև դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, ուստի հրապարակմամբ ներկայացված հիմնազուրկ դիտարկումները, թե բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ենթակա որոշ դատապարտյալների դիմումները չեն բավարարվում տեղ չլինելու պատաճառաբանությամբ, նույնպես չեն համապատասխանում իրականությանը:

Ի գիտություն դիտորդական խմբի` տեղեկացվում է նաև, որ դիտորդական խմբի կողմից 2015թ. սեպտեմբերի 24-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ այցելելու ժամանակ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ է կրել 27 կին դատապարտյալ, այլ ոչ թե 24, ինչպես նշված է հրապարակմամբ, իսկ նախորդ այցելության ժամանակ՝ 2015թ. օգոստոսի 1-ին, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ է կրել կրկին 27, այլ ոչ թե 29 անձ:

Հարկ է նշել նաև, որ քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության նախարարի` 02.12.2014թ. թիվ 420-Ն և 24.03.2015թ. թիվ 125-Ն հրամաններով  փոփոխություններ են կատարվել ՀՀ արդարադատության նախարարի 2012թ. թիվ 30-Ն հրամանում, որի արդյունքում «Աբովյան» ՔԿՀ բաց տիպի ուղղիչ հիմնարկի դատապարտյալների լրակազմի քանակը ավելացվել է 15-ով՝ կազմելով 29 միավոր:

Ուշագրավ է նաև հրապարակման այն հատվածը, որում տեղեկություններ են տարածվել, թե իբր քրեակատարողական վարչության աշխատակիցներից մեկը դատապարտյալի աշխատավայրում հրապարակել է վերջինիս անձնական կյանքին վերաբերող և օրենքով պաշտպանվող տեղեկություններ՝ առանց նշելու դատապարտյալին, վերջինիս աշխատանքի վայրին կամ քրեակատարողական ծառայողին վերաբերող որևէ կողմնորոշիչ տվյալ, որի անլրջությամբ պայմանավորված` քրեակատարողական ծառայությունը անդրադարձ չի կատարել:

Հուսով ենք, որ հրապարակման կապակցությամբ քրեակատարողական ծառայության ներկայացված սույն պարզաբանումները հետայսու հիմք կհանդիսանան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի համար՝ հանրության դատին իրականությանը համապատասխանող տեղեկություններ տարածելու համար: