Նոյեմբերի 1-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Գերասիմ Գևորգյանը լրագրողների հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մասնակցել են փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի համտեսին:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում հոկտեմբերի 16-ից մեկնարկել է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածին պատվիրակելը նշանակում է, որ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման նոր և արդյունավետ համակարգ։

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ ծրագիրը, միանաշանակ, պետք է շարունակվի, քանի որ արդյունքներն առ այսօր լավն են. սննդից օգտվող դատապարտյալների և կալանավորված անձանց ցուցանիշը 100%- է: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ մինչև 2021 թվականը բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին:

«Միանշանակ արդարացված ծրագիր է` բոլորը գոհունակությամբ են արտահայտվում, այդ թվում` դատապարտյալների և կալանավորների հարազատները, որովհետև մի շարք դրական կողմեր ունի այս ծրագիրը, հանձնուքների նվազման միտում կա»,-նշեց Արթուր Գոյունյանը, ընդգծելով, որ այն պետք է շարունակական բնույթ կրի:

Կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է քրեակատարողական հիմնարկի տարածքում,  մասնագիտացված խոհարարների կողմից: Սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախօրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունն ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը: