Ամանորին ընդառաջ Armdaily.am-ը հարցնում է տարբեր քաղաքական, պետական, հասարակական, մշակութային գործիչներն՝ ինչպես են անցկացնելու Նոր Տարին: Ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հետ ունեցած զրույցը:
-Ի՞նչ խորհուրդ ունի Ամանորը Ձեզ համար, հավատո՞ւմ եք հրաշքների։
-Ամանորի խորհուրդն արդեն իսկ նրա համամարդկային տոն լինելն է, երբ ողջ աշխարհում, անկախ ազգությունից, կրոնից, քաղաքական հայացքներից, բնակության վայրից, այս տոնը նշում են խանդավառությամբ: Ամանորյա տոների ողջ զորությունն ու խորհուրդը նաև Սուրբ Ծնունդն է, որը շատ կարևոր տոն է անձամբ ինձ համար: Նոր տարին խորհրդանշական է նաև նրանով, որ այն ակամա զուգորդում ենք փոփոխությունների, ձեռքբերումների և սպասելիքների իրականացման հետ: Հավատո՞ւմ եմ հրաշքների… Կարծում եմ, որ յուրաքանչյուր անհատ, անկախ տարիքից, հոգու խորքում, գուցե և բոլորից թաքուն, հավատում է հրաշքների, և իրականություն դարձած անգամ ամենափոքր երազանքը, ցանկությունը հաճախ ընկալում ենք որպես հրաշք:
-2018-ի Ձեր ձեռքբերումն ու լավ հիշողությունը։
-Վստահ եմ, որ ոչ միայն մեր, այլև համաշխարհային պատմության համար մեծ իրադարձություն էր մեր երկրում տեղի ունեցած շրջադարձը, որ ես համարում եմ մեծ ձեռքբերում հայ ազգի համար: Եվ այս ժամանակահատվածը իմ և շատերի հիշողության մեջ, կարծում եմ, կմնա որպես դարակազմիկ պատմության կերտման լավագույն հիշողություն: Իսկ անձամբ իմ ձեռքբերումն այն էր, որ ներկայիս կառավարությունը վստահեց ինձ այս պատասխանատու աշխատանքը:
-Ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը։
-Ամանորը ունի նաև ընտանեկան խորհուրդ, և ես, որպես ավանդապաշտ հայկական ընտանիքում մեծացած ու դաստիարակված հայ, նախընտրում եմ Ամանորը դիմավորել իմ ընտանիքի հետ՝ ընտանեկան ջերմ և մտերմիկ մթնոլորտում։

https://www.armdaily.am/news/10929.html?lang=hy&fbclid=IwAR1bRZz-aRMVbuTpfNpbXHW-qjrvq0rOV6wAzzOn7X-AkCf7AfnygvsncEg