Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը՝ նախագահ Անժելա Ստեփանյանի գլխավորությամբ, հիմնարկի անձնակազմի հետ համատեղ կազմակերպել էր ամանորյա երաժշտական միջոցառում։ Տոնակատարությանը մասնակցում էին նաև Նադեժդա Սարգսյանի անվան «Դո-ռե-մի» վոկալ ստուդիայի սաները:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները, Արգենտինայի Հանրապետության հյուպատոսը և Լիբանանի Հանրապետության դեսպանը: Վերջինս համերգի ավարտից հետո հանդիպեց լիբանանցի դատապարտյալի հետ, զրուցեց պահման պայմաններից և հուզող հարցերից:

Նպատակ ունենալով աջակցել հայրենիքից հեռու, օտարության մեջ գտնվող օտարազգի ազատազրկված անձանց՝ միջոցառման մասնակիցները, հայերենից բացի, հնչեցրին նաև կորեերենով, ֆրանսերենով, իտալերենով, պարսկերենով և այլ օտար լեզուներով կատարումներ, ինչը բավական մեծ ցնծությամբ և ակտիվությամբ ընդունվեց թե՛ դատապարտյալների և թե՛ հյուրերի կողմից:

Համերգի ավարտին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը շնորհակալության և երախտիքի խոսքեր հայտնեց «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամին՝ միջոցառումը նախաձեռնելու և կազմակերպելու համար, ինչպես նաև մասնակիցներին, ներկաներին՝ նշելով, որ նման միջոցառումների իրականացումը քրեակատարողական հիմնարկներում յուրովի փորձ է մի փոքր փոխելու և աշխուժացնելու  դատապարտյալների առօրյան:

Ներկա դատապարտյալներին, որոնց թվում կային նաև ցմահ ազատազրկման դատապարտվածներ,  միջոցառման վերջում «Զվարթնոց» հիմնադրամի նախագահ Ա. Ստեփանյանը, հիմնարկի պետ Խ. Հարությունյանը հանձնեցին հատուկ շնորհակալագրեր ակտիվ մասնակցության համար: Իսկ դատապարտյալները, որպես շնորհակալական խոսք, «Զվարթնոց» հիմնադրամի անդամներին և «Դո-ռե-մի» ստուդիայի սաներին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները: