Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների անմիջական մասնակցությամբ կազմակերպվեց Ամանորին նվիրված միջոցառում, որն անցավ բավական ուրախ մթնոլորտում, տոնի խորհրդին համահունչ: Միջոցառմանը մասնակցում էին երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն,  Աբովյան քաղաքի «Լուսաբաց» և «Կոտայք» պարային համույթները: Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը սկսվեց աղոթքով. հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի գլխավորությամբ կին դատապարտյալներն աղոթեցին և ստացան քահանայի օրհնությունը, որից հետո ասմունքով, անկեղծ բարեմաղթանքներով և երաժշտական կատարումներով իրենց շնորհավորական խոսքերը հղեցին հանդեսի մասնակիցներին, հյուրերին և հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց սրբազան պարտքը կատարող հայ զինվորներին:

          

Միջոցառմանը ներկա էին նաև դատապարտյալների երեխաները, ում համար միջոցառումը վերածվեց ամանորյա անակնկալներով լի իսկական տոնակատարության: Նրանք ևս իրենց ակտիվ մասնակցությամբ, երգ ու պարով, մանկական խանդավառությամբ է՛լ ավելի բարձրացրին տոնական տրամադրությունը:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը ներկաներին փոխանցեց Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի ամանորյա շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ հիմնարկի անունից շնորհակալագրեր հանձնելով «Լուսաբաց» և «Կոտայք» պարային համույթներին, Արսեն Գրիգորյանին, որը միշտ սիրով մասնակցում է կին դատապարտյալների համար կազմակերպված նմանատիպ միջոցառումների:

           

Դատապարտյալները, որպես ամանորյա նվեր, միջոցառման մասնակիցներին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները:

Աշխատակիցների ջերմ վերաբերմունքի, ինչպես նաև ուրախ միջոցառման համար շնորհակալական խոսքեր ասացին նաև երեխաները՝ հույս հայտնելով, որ իրենց մայրերը շուտով կլինեն ազատության մեջ: