Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ստեղծագործական տարբեր ոճի ու բնույթի աշխատանքների ցուցահանդես, ինչպես նաև նրանց հեղինակած գրքերի շնորհանդես՝ նվիրված քրեակատարողական ծառայության 100-ամյակին:

Ճակատագրի բերումով ճաղերից այն կողմ հայտնված հեղինակները մեծ ոգևորությամբ և հուզմունքով էին պատրաստվել օրվան՝ գիտակցելով, որ սա այն լավագույն միջոցն է, ինչը հնարավորություն է ընձեռում հանրությանը ներկայացնելու իրենց աշխատանքները և տարիների ընթացքում թղթին հանձնած մտքերը:

Ցմահ դատապարտյալների հոգևոր հայր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, օրհնելով ներկաներին, ողջունեց անազատության պայմաններում դատապարտալների՝ գեղեցիկը զգալու, արարելու և ներկայացնելու անկեղծ ձգտումը:

Միջոցառման ավարտին ազատազրկված անձինք իրենց երախտիքի խոսքն ու շնորհակալությունը հայտնեցին հիմնարկի վարչակազմին՝ ստեղծագործելու պայմաններ և հնարավորություններ տրամադրելու, ինչպես նաև նմանատիպ մշակութային միջոցառումներ կազմակերպելու  համար:

ՖՈՏՈՇԱՐՔ