ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այս տարի կազմակերպվում են ցուցահանդեսներ, որոնք նախաձեռնում և իրականացնում են երևանյան թանգարանները: Այդ ծրագրի շրջանակներում օգոստոսի 29-ից ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի հնգօրյա ցուցահանդեսը, որում ներառված են ռեժիսորի՝ բանտում ստեղծած աշխատանքների լուսանկարները:

Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են «Սերգեյ Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Զավեն Սարգսյանի, թանգարանի աշխատակից Հարություն Սամուելյանի, ինչպես նաև հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ:

Բացմանը ներկաներին իր խոսքն ուղղեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը, որը որոշ մանրամասներ պատմեց Փարաջանովի կյանքից, անդրադարձավ նաև բանտային կյանքում արարված նրա ստեղծագործությունների պատմությանը: