ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության հրավերով մայիսի 14-15-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցեց Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպված «Դատապարտյալների պահման ռեժիմի կառավարում» համաժողովին:

Հանդիպման գլխավոր նպատակը Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների ներկայացուցիչների համախմբումն էր «Դատապարտյալների պահման ռեժիմի կառավարմանը» վերաբերող հարցերով առաջավոր փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակման, քննարկումների միջոցով քրեակատարողական համակարգում նոր մոտեցումների ներկայացման և դրանք Եվրոպայի Խորհրդի, ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչներին համապատասխանեցնելու հեռանկարներով, որոնք կապահովեն դատապարտյալների կառավարման արդյունավետության բարձրացումը, և նվազագույնի կհասցվեն ազատազրկված անձանց բացասական վարքագծի դրսևորումներն ու կրկնահանցագործությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեակատարողական համակարգի այնպիսի խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են ազատազրկված անձանց միջև երբեմն տեղի ունեցող ֆիզիկական բռնությունը, որը հաճախ դրսևորվում է հատկապես խոցելի դատապարտյալների նկատմամբ։ Քննարկվել են սպառնալիքի և ֆիզիկական բռնության կանխարգելումը, ինչպես նաև կալանքի տակ պահման պայմանները, կին և անչափահաս դատապարտյալների իրավունքների պահպանումն ու նրանց անձի անվտանգության ապահովման թեմաները:

Բացի այդ քննարկվել են նաև ցմահ ազատազրկման և այլ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց միայն պատժի հիմքով անջատ պահելու անթույլատրելիության, կանանց իրավունքների, օտարերկրյա դատապարտյալների պահման պայմանների առանձնահատկության, մեկուսի բանտարկության, առանձնակի վտանգ ներկայացնող դատապարտյալների նկատմամբ իրավիճակին և տարբերակված մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ հիմնախնդիրները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև մասնակից պետությունների ներկայացուցիչների կողմից վերոնշյալ հիմնախնդիրների ուղղությամբ իրականացված բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ: