Նոյեմբերի 20-ից 22-ը Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքում՝ Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայում, տեղի է ունեցել «Հանցագործություն, պատիժ, ուղղում» խորագրով միջազգային 4-րդ պենիտենցիար համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

Համաժողովի հիմնական նպատակներն են եղել Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների քրեակատարողական ծառայությունների ներկայացուցիչների ու քրեական պատիժների կատարման հարցերով զբաղվող գիտական միությունների համար երկխոսության միջազգային հարթակի ձևավորումը, ինչպես նաև համաշխարհային փորձի հիման վրա դատապարտյալների հետ աշխատանքի հեռանկարային նոր մեթոդների մշակումն ու կենսագործումը։

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել գործնական հանդիպում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի և Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովի միջև, որի ժամանակ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության արդյունավետության բարձրացման և կադրերի վերապատրաստման հարցում ռուս գործընկերների կուտակած առաջավոր փորձը Հայաստանում կիրառելու վերաբերյալ: Քննարկվել են նաև անվտանգության և պահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին և դրանց վերացման նպատակով ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությանն առնչվող հարցեր։

Քրեակատարողական ծառայության պետն առանձնազրույց է ունեցել նաև Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի պետ Ալեքսանդր Կրիմովի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու պետությունների քրեակատարողական ոլորտների ներկայացուցիչների միջև փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։

Համաժողովի ավարտին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի 85-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է հոբելյանական մեդալով:

Նշենք, որ համաժողովը նվիրված էր նաև Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության ակադեմիայի 85 և Ռուսաստանի քրեակատարողական համակարգի 140-ամյակներին: