2019թ.-ի հունվարի 14 – 18-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մ. Միքայելյանը և  տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վ. Մելքոնյանը, Հ. Քոչինյանը և Վ. Ծաղիկյանն այցելեցին քրեակատարողական հիմնարկներ: Հիմնարկներում տեղի ունեցած խորհրդակցություններով ամփոփվեցին 2018թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները:

Յուրաքանչյուր հիմնարկում ղեկավար անձնակազմը ներկայացրեց տարեկան հաշվետվությունը՝ ըստ ոլորտների, ինչպես նաև անցկացվեցին համեմատականներ 2017 և 2018թթ. կատարված աշխատանքների միջև:

Հաշվետու զեկույցներից բացի` ծառայության պետի տեղակալներին ներկայացվեցին հիմնարկներում առկա խնդիրները, քննարկվեցին դրանց լուծման հնարավոր ուղիները: Մասնավորապես անդրադարձ եղավ հիմնարկներում հաստիքային միավորների համալրվածության անհրաժեշտությանը, սննդի պահման պայմանների բարելավմանը, ինժեներատեխնիկական միջոցների և բժշկական սարքավորումների արդիականացմանն ու համալրմանը:

Խորհրդակցության ընթացքում ծառայության պետի տեղակալները յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ տվեցին հանձնարարականներ: Հատկապես հանձնարարվեց ակտիվացնել քրեակատարողական հիմնարկներում հաստիքային միավորների համալրման ուղղությամբ համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման համապատասխան կառույցների և կազմակերպությունների հետ: Հանձնարարվեց նաև ավելացնել չնախատեսված խուզարկությունների թիվը, առավել զգոն լինել ազատազրկված անձանց տեսակցության եկած քաղաքացիների խուզարկությունների և հանձնուքների զննության ժամանակ, ուժեղացնել պայքարն արգելված իրերի ներթափանցման ուղղությամբ:

Անդրադարձ կատարվեց նաև ազատազրկված անձանց հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքներին, հատկապես կարևորվեցին հոգեբանի աշխատանքը և այն հանգամանքը, որ յուրաքանչյուր կալանավորված անձի և դատապարտյալի նկատմամբ պետք է լինի անհատական մոտեցում: Առանձնահատուկ շեշտվեց ազատազրկված անձանց շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացման աշխատանքների ու այդ գործընթացում հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը:

Առաջնահերթ ուշադրություն հրավիրվեց էներգակիրների շահագործման և խնայողության հարցերի վրա. հրահանգվեց չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները: Հանձնարարվեց լինել առանձնապես ուշադիր մատակարարվող ապրանքների և սննդի որակի հանդեպ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ծառայության պետի տեղակալների կողմից նախանշվեցին և հստակեցվեցին նաև 2019թ. կատարվելիք աշխատանքները: