Օգոստոսի 9-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթների համակարգող Յնսկե Վանդորմաելին և ազատազրկման վայրերի պատվիրակ Նատալյա Կարմովային:  Ներկա էին նաև ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանը և շտաբի պետ, արդարադատության կապիտան Ռուբեն Դարբինյանը:

Հանդիպման ընթացքում, որը կրում էր ճանաչողական բնույթ, քննարկվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգում նախկինում իրականացված ծրագրերի արդյունքները, հետագա համագործակցության ուղիներն ու նախատեսվող հեռանկարային ծրագրերը:

 

Մասնավորապես երկու կողմերն իրենց գոհունակությունը հայտնեցին քրեակատարողական հիմնարկներում 2018 թվականի նոյեմբերի 1-ից գործարկված տեսազանգի համակարգի արդյունավետությունից, որն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ:

Միջազգային պատվիրակության կողմից առաջարկ եղավ նաև կազմակերպել օտար լեզուների դասընթացներ քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև որոշ դատապարտյալների վերապատրաստել որպես մարզիչներ՝ հիմնարկների մարզադահլիճներում ազատազրկված անձանց մարզումներն առավել արդյունավետ և պրոֆեսիոնալ դարձնելու համար:

Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գոյունյանը կարևորեց հատկապես վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի ներդրումը, որպեսզի դատապարտյալները պատիժը կրելուց հետո առավել հեշտ ինտեգրվեն հասարակությանը:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում հանդիպում իրականացնել փորձագետների թիմի հետ համագործակցության ուղիները հստակեցնելու նպատակով: