Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց  բանակի սիրելի՛ զինվորներ և սպաներ։

Հունվարի 28-ին մեր երկիրը նշում է Բանակի օրը: Դժվարին ժամանակներում ծնունդ առած մեր բանակն այսօր արդեն 27 տարեկան է՝ ուժեղ և հզոր, իսկ անկախ պետության ամրության, ազգի անվտանգության հիմքն ու գլխավոր երաշխավորը ամուր բանակն է՝ իր նվիրյալ ու հայկասիրտ զավակներով։

Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակին, հարգարժան վետերաններին, համայն հայոց ազգին, բոլոր նրանց, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել Հայոց բանակի կազմավորման և կայացման գործում: Հատկապես ուզում եմ շնորհավորել և երախտիքի խոսքեր հղել այս պահին իրենց դժվարին ծառայությունը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սահմաններին իրականացնող հայ զինվորին և սպային։ Այդ նրա՛նք են մեր բանակի սյուները, նրա՛նք են մեր երկրի համար վճռորոշ և բեկումնային պահերին իրենց կյանքով ապահովել մեր խաղաղությունը և ապացուցել, որ իրենց համար ծառայությունը ոչ միայն պարտք է, այլ նաև սուրբ առաքելություն, փաստել, որ բանակի հիմքում հմտավարժ և գիտակից մարտիկներն են:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, սիրելի՛ զինվորականներ, մաղթելով խաղաղ երկինք, անփորձանք ծառայություն, և թող շարունակվեն Հայոց հաղթանակած բանակի լավագույն ավանդույթները:

Փա՛ռք Հայոց Բանակին: