Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հետևողական  միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա․ Ս․-ն քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ 2019թ․ նոյեմբերի 9-ին բուժման նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն և օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող քրեակատարողական ծառայողների՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ Ս․ Մ․-ի և պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության ենթասպա Գ․ Գ․-ի թողտվությունից և վերջիններիս կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքից՝ 2019թ․ նոյեմբերի 10-ին հիշյալ ծառայողներին պատկանող և անձամբ նրանց կողմից տրամադրված բջջային հեռախոսներով կապ է հաստատել Վաղարշապատ քաղաքի բնակիչ Կ․ Վ․-ի հետ և պայմանավորվել թմրամիջոց ձեռք բերելու վերաբերյալ։

Ա․ Ս․-ը շարունակելով օգտվել քրեակատարողական ծառայողների կողմից իր նկատմամբ դրսևորած հանցավոր թողտվությունից՝ 2019թ․ նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության սերժանտ Ա․ Ս․-ին պատկանող և վերջինիս կողմից տրամադրված   բջջային հեռախոսով նրա ներկայությամբ կրկին կապ է հաստատել Վաղարշապատ քաղաքի բնակիչ Կ․ Վ․-ի հետ և վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել թմրամիջոցի փոխանցման վերաբերյալ։ Այնուհետև Կ․ Վ․-ը նույն օրը «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխել մարիխուանա տեսակի թմրամիջոց և պահակետի հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ պահպանության ապահովման բաժնի ծառայողներ Ս․ Մ․-ի, Գ․ Գ․-ի և հերթափոխն ընդունող ծառայող, երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ենթասպա Ս․ Գ․-ի ներկայությամբ, գիտությամբ և թույլտվությամբ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի ճաշարանում այն իրացրել է Ա․ Ս․-ին, միաժամանակ նրան փոխանցել նաև արգելված իրեր հանդիսացող բջջային 2 հեռախոս և բաժանորդային քարտեր։

Քրեակատարողական ծառայողներ Ս․ Մ․-ն, Գ․ Գ․-ն և Ս․ Գ․-ն, տեղեկանալով բերված թմրամիջոցի մասին, դատապարտյալ Ա․ Ս․-ի հետ ծխելու եղանակով օգտագործել են բերված թմրամիջոցի մի մասը, իսկ մնացածը, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, թողել են դատապարտյալի մոտ, ապա նրան թմրամիջոցով հանդերձ նույն օրը տեղափոխել  ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ժամը 18։50-ի սահմաններում ենթարկվել է անձնական զննության։ Զննությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոսները և բաժանորդային քարտերը։ Այդ ընթացքում Ա․ Ս․-ն կիսավարտիքից հանել և դեն է նետել պոլիէթիլենային փաթեթ, որից էլ հայտնաբերվել է նրան իրացված մարիխուանա տեսակի թմրամիջոցից 24 գրամը։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակելու համար քրեական գործը ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։