Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պատվիրակությունը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և Օրենքի գերակայության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպված «Դատապարտյալների վերասոցիալականացում` ուղղված ազատվելուց հետո կրկնահանցագործությունների նվազեցմանը» թեմայով բազմակողմ հանդիպմանը։

Միջոցառման նպատակը ԵԽ անդամ պետությունների քրեակատարողական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և այլ ներկայացուցիչների ջանքերի համախմբումն ու լավագույն փորձի փոխանակումն էր՝ միտված դատապարտյալների վերասոցիալականացման ուղղությամբ գործուն մեթոդների և նոր մոտեցումների կիրառմանը։

ՀՀ պատվիրակությունը բարձր է գնահատել ԵԽ քրեակատարողական ոլորտում բազմակողմ համագործակցության շրջանակներում նման հանդիպման կազմակերպումը` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերված փորձը ներառել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների ծրագրերում։

Մասնակից մի շարք պետությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև երկկողմանի հարաբերությունների հաստատման և դրանց հետագա զարգացմանն ուղղված համագործակցության վերաբերյալ հարցերը: