ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ քրեակատարողական ծառայողի երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը և ծառայության ղեկավար անձնակազմը: Քրեակատարողական նորանշանակ ծառայողներն անհատական կարգով մոտեցան ՀՀ պետական դրոշին, ընդունված կարգով ընթերցեցին երդման տեքստը` երդվելով հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վերապահված պարտականությունները:

Քրեակատարողական ծառայության աշխատակիցներից մեկն էլ իր բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ կրտսեր խմբից փոխադրվեց միջին խումբ, նրան շնորհվեց արդարադատության լեյտենանտի կոչում:

Արտյոմ Մխոյանը շնորհավորեց նորանշանակ ծառայողներին, մաղթեց նրանց բարի և անկոտրում ծառայություն՝ մասնավորապես նշելով. «Այսօրվանից հրաժեշտ տվեցիք քաղաքացիական կյանքին, այսուհետ ձեր առաքելությունը, նպատակը երկրին բարեխիղճ ծառայելն է լինելու: Ծառայե՛ք պատվով և անփորձանք, հպարտությամբ կրե՛ք սպայի ուսադիրները»: