Դատապարտյալների, կալանավորված անձանց և անչափահասների զբաղվածությունն ու ազատ ժամանակը ադյունավետ օգտագործելու ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև կրթական մակարդակն ու գիտելիքները ապահովելու նպատակով քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են վերասոցիալականացմանն ուղղված կրթական և մարզական միջոցառումները:

Հունիսի 5-6-ը ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Աբովյան» ՔԿՀ-ներում անցկացվեցին շախմատի առաջնություններ դատապարտյալների միջև: «Աբովյան» ՔԿՀ-ում առաջնությանը մասնակցել են նաև կալանավորված անչափահաս անձինք:

Մարզական և կրթական միջոցառումներ են կազմակերպվել նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Հիմնարկի 1-ին և 4-րդ մասնաշենքի դատապարտյալների մասնակցությամբ անցկացվել է ֆուտբոլային մրցաշար:  Մասնաշենքերի դատապարտյալների միջև մարզական մրցաշարերի անցկացումը կրելու է շարունակական բնույթ:

Նշենք, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում դեռևս անցած տարվանից անցկացվում են անգլերենի, բիզնես հմտությունների, հայոց լեզվի, կավագործության և նկարչության դասընթացներ։ Հայոց լեզվի դասընթացի մասնակիցների համար վերջերս կազմակերպվեց ֆիլմի դիտում՝ նվիրված Խաչատուր Աբովյանի գործունեությանը։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ջանքերով հիմնարկում բացվել է նաև կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակ՝ հագեցած զանազան խաղալիքներով և գրենական պիտույքներով։ Փաստենք, որ մանկական սենյակի պատերը նկարազարդել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ. Հայրապետյանը: